Ի՞նչ է ուրախությունը Հայոց մեջ և ե՞րբ իրավունք ունի ուրախանալու հայը

Մի դեպք ստիպեց ինձ, որ մտորեմ հայկական միջավայրում «ուրախություն» և «ուրախանալ» հասկացողությունների մասին և թղթին հանձնեմ իմ խոհերը:

Անցյալ տարվա աշնանը ընկերոջս հետ գործի բերմամբ ՌԴ Սոչի քաղաքում էինք: Ցերեկը գործնական հանդիպումներ, զրույցներ, այց Սոչիի մարզի տեսարժան վայրեր և այլն, իսկ երեկոյան զբոսանք քաղաքում: Եվ ահա հերթական մի երեկո Սոչիի հանրահայտ «Ривьера» զբոսայգում քայլելուց հետո այցելեցինք հարակից բացօթյա սրճարան: Սեպտեմբերի վերջերն էր, Սոչիում վաղուց մեկնարկել էր «бархатный сезон»-ը և սրճարանը լեփ-լեցուն էր հանգստացողներով: Կերուխում, երգ, պար. ծովափնյա կյանքն իր ողջ վայելքներով հանդերձ մտել էր իր երեկոյան հունի մեջ: Մենք զբաղեցրինք մի սեղան,  «ծանրումեծ» կերպով սկսեցինք ընմբոշխնել սուրճը և դիտել հենց առաջին րոպեներից աչքի զարնող մի կնոջ: Կյանքի 4-րդ տասնամյակում գտնվող ռուսազգի այդ կինն իրականում արտառոց ոչինչ չէր անում, պարզապես մինչև սրտի վերջին անկյունն ու գեղեցկատես մարմնի մինչև վերջին բջիջը տրվելով այդ մթնոլորտին՝ պարում էր: Ռուսական մոլեգնող երաժշտությունը, ճոխ սեղանն ու ալկոհոլն այդ կնոջը վերացրել էին աշխարհից, և նա պարում էր անընդմեջ, պարում էր պատահածդ տղամարդու հետ, պարում էր ամենատարբեր ոճի ու ժանրի երաժշտության տակ, արձակում ճիչեր, մի խոսքով՝ ինքն էր և իր տարերքը: Եվ, քանի որ այդ ժամանակահատվածում հանգստանալու են մեկնում հասարակության հիմնականում ունևոր, գործարար կամ արիստոկրատ խավը,  մտածեցինք, որ այդ կինը ևս ինչ-որ մեծահարուստ է կամ ինչ-որ մարզի դատավոր է և այլն, ծիծաղեցինք և, խոսելով ռուսների ազգային առանձնահատկությունների մասին, բաժանվեցինք: Առավոտյան մեր ընկերներից մեկը, որն իջևանել էր ծովափնյա բավականին բարձրակարգ հյուրանոցում, զանգահարեց ինձ և ապշահար հարցրեց. «երեկվա կինը գիտե՞ս ով էր»: «Հյուրանոցի տնօրե՞նը», – հարցով արձագանքեցի ես: «Հավաքարա՛րը…», – համարյա գոռաց ընկերս: Երկար լռեցինք… Սա ռուս ազգն էր՝ իր ողջ փիլիսոփայությամբ:

Վերադառնանք առաջարկված քննարկմանը՝ ի՞նչ է ուրախությունը հայոց մեջ և ե՞րբ կարելի է ուրախանալ: Սկսենք երկրորդ հարցադրումից և քննարկենք, օրինակ, հարսանիքը, որը շատերի ընկալմամբ ուրախանալու վայր է: Մեր օրերում՝ միգուցե, երբ հարսանիքն սկզբից մինչև վերջ բառիս բուն իմաստով վերածվում է, մեղմ ասված, պարահանդեսի կամ, ավելի ստույգ, ստամոքսը բերնեբերան լցնելու և պարահրապարակում վեր-վեր ընկնելու մի գործընթացի: Իրականում հարսանիքն ուրախության կամ հրճվանքի վա՞յր է: Հազիվ թե: Այն մի հիասքանչ ծիսակարգ է, արարողություն, որի յուրաքանչյուր պահն ունի իր խորհուրդը: Այնտեղ կարելի է հայ նոր ընտանիքի ստեղծման առթիվ լցվել հոգու անսահման բերկրանքով, հուզվել՝ տեսնելով հայրական տունը թողնող հարսի արցունքները (ցավոք, մեր օրերում միամտություն է արցունք տեսնել շքեղ մեքենայից հրճվանքով իրեն թափահարող, հենց առաջին պարային համարից իրեն պարահրապարակ նետող և հարսանքավորների հետ մինչև վերջ «ուրախացող» հարսից),  ծնողների հուզմունքը, ականջալուր լինել մեծերի պատգամներին և այլն: Վերջերս մի առիթով պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը ամենայն մանրամասնությամբ մեզ ներկայացրեց ջավախահայոց հարսանեկան ավանդույթները՝ ամենասկզբից՝ անասնամորթից սկսած մինչև բուն հարսանիքն ու արարողության հետհարսանեկան մասը. թամադան ինչպես պետք է վարի հանդեսը (մերօրյա թամադաները ևս, տուրք տալով ընդհանուր մթնոլորտին, աշխատում են ոչ թե խորհուրդ կամ իմաստ հաղորդել հանդիսույթին, այլ մասնակիցներին «պարտադրում են» մի կուշտ ուրախանալ), հարսը երբ և ինչպես իրավունք ունի պարել, խնամիները՝ երբ (մեր օրերում հարսի ծնողները՝ խնամիներն այնպես են հրճվում, որ տպավորություն է, թե էս մարդիկ ողջ կյանքում երազել են ազատվել իրենց աղջկանից), հարսանիքին մասնակից յուրաքանչյուրի դերն ու գործառույթներն այդ օրերին՝ մեծից մինչև փոքր: Եվ  ինչպիսի հիանալի պահեր, ինչպիսի ապրումներ. ողբալ կարելի է՝ ինչպիսի խորախորհուրդ արարողակարգ ունեինք, որը մեծամասամբ կորցրել ենք:

Շատ խտասկավառակների, տեսաերիզների կամ համերգային ազդագրերի վրա կարելի է հանդիպել այսպիսի մակագրության. «Ուրախ երաժշտական կատարումներ»: Պարզ է՝ այդ ամենի հեղինակներն ուզեցել են հասկացնել մեզ, որ այնտեղ ընդգրկված կատարումները մեր կյանքը կդարձնեն անսահման ուրախ և երջանիկ: Իսկ արդյո՞ք երաժշտությունն ստեղծվել է ուրախացնելու համար: Մերօրյա գավառային բարքերի պայմաններում՝ այո՛: Իսկ ընդհանրապես՝ իհարկե ոչ: Ցանկացած երաժշտություն ստեղծված է ազդելու մարդու հոգեկան ներաշխարհի, հույզերի, ապրումների, տրամադրության վրա: Այն մի լրացուցիչ ազդակ է հաղորդում մեզ՝ հիշելու ծնողներին, մանկությունը, երիտասարդությունը, սիրած աղջկան, սիրելի ընկերոջը, ուսուցչին, ձեռքբերումներն ու կորցրածը, երաժշտությունն ստիպում է կռվի ժամանակ առաջ մղվելու, դառնալու ավելի հզոր և անողոք: Պատահական չէ, որ արցախյան ազատամարտի վետերաններն այսօր հուզմունքով են հիշում հեղափոխական երգերի անզուգական կատարողներ Մկրտիչ Մկրտչյանին, Գուսան Հայկազունուն, Սահակ Սահակյանին և այլոց: Այսպիսով՝ երաժշտությունն ու երգը մարդկային հոգու ապրումներ են, և չկան ուրախ-ուրախանալու կամ տխուր-արտասվելու երգեր: Մարդկային հոգին կարող է արտասվել անգամ «ամենաուրախ» հորջորջվող գործիքի՝ զուռնայի զիլ հչյունների տակ (ո՞վ չի հուզվել մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի հաղթական ռազմապարերը դիտելիս կամ մեծանուն կոմպոզիտոր Արմեն Մանդակունյանի Մուսա լեռան պարերգերն ունկնդրելիս) կամ հոգեկան բերկրանք ապրել շվիի կամ դուդուկի թրթիռների տակ:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու պարագայում շատերն ուրախությունից մի քանի օր չեն կարողանում ուշքի գալ՝ երա՞զ է, թե՞ իրականություն: Այնուհետև՝ քեֆե՜ր, հրավառությու՜ն, կանանց անզուսպ քրքիջներ, անսահման հրճվանք և այլն: Բայց մի՞թե պետք է ուրախանալ ազգի երեսփոխան ընտրվելիս: Մերօրյա գավառային բարքերի պայմաններում՝ այո՛: Բայց իրականում՝ պետք է հոգեկան բավարարվածություն զգալ, որ քեզ վստահել է ժողովրդի մի հատված, որպեսզի իր հասարակական կյանքի կազմակերպման համար օրենք գրես, խնդիր բարձրաձայնես և այլն: Խնդիրների մեջ թաղված մեր հանրապետության պարագայում դա ուրախությու՞ն է, թե՞ ծանր ու հոգսաշատ մի պարտականություն: Երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը, ով երկար տարիներ հանդիսացավ ՀՀ օրենսդիր մարմնի անդամ, մի անգամ խորհրդարանում ունեցած իր ելույթում իրեն հատուկ ծիծաղով նշեց. «Շատերը պատգամավոր դառնալով էստեղ իրենց անսահման երջանիկ են զգում, մենք այդ երջանիկներից չենք»:

Շատ հաջողակ գործարարներ իրենց ծայրաստիճան երջանիկ են համարում, երբ տարիների գերշահույթը կարողանում են հաջողությամբ հիմնավորել, քաշել չորս մետր բարձրությամբ, մեկ մետր լայնքով պարիսպ, մեջը առանձնատնից բացի ստեղծել փոքրիկ գազանանոցներ, արհեստական գետեր ու լճակներ, ունենալ 2-3 գրավիչ սիրուհիներ, թաղում կամ քաղաքում ունենալ փողով գնվող իր էլեկտորատը և այլն: Բայց այդ ամենից մի՞թե պետք է ուրախանալ: Մերօրյա գավառային բարքերի պայմաններում՝ այո՛: Իրականում ազգի տնտեսվարները, ոլորտի մեծ հաջողակները պետք է գիշեր ու զօր մտածեն սեփական ազգի բարօրության, պետության, բանակի հզորացման, ընչազուրկներին օժանդակելու, տաղանդավոր երիտասարդներին կրթության տալու և այլնի մասին: Ինչքա՜ն հայ երեխաներ, ինչ իմանաս, գուցե ապագա Կոմիտաս Վարդապետներ են արտագաղթում և կորչում Ռուսաստանի մոտիկ ու հեռավոր տափաստաններում, և այսօր չկան Մանթաշյաններ, ովքեր կհոգային նրանց ուսման ծախսերը: Հետևաբար՝ պետք է ուրախանալ ու փառավորվել ոչ թե կուտակած հարստությամբ, այլ այդ հարստությունը ազգին ու պետությանը ծառայեցնելու հնարավորության առկայությամբ:

Ազգովի ուրախացանք, որ գյումրեցի մեր մարզիկները նվաճեցին օլիմպիական բարձունքները: Իսկական հրաշք, որին երկար էինք սպասել: Անգամ այդ նվաճումը կարելի է համարել երկրաշարժից վերածնված Շիրակի հասարակության ոգու պոռթկումը, երկրագնդի վրա ապրելու և արարելու իր հաստատակամ որոշումը: Սակայն իրականում մեր իշխանություններին պետք էր ոչ թե ուրախանալ կամ հրճվել, այլ ներողություն խնդրել Շիրակի ժողովրդից, որ մարզում մոլեգնող գործազրկության, փախուստի վերաճած արտագաղթի, համատարած անորոշության պայմաններում շիրակցի մարզիկը տնակային պայմաններում անգամ կարողացավ նվաճել Օլիմպիոսը: Ո՛չ, ներողություն չխնդրեցինք, փոխարենը ՀՀ վարչապետն առաջարկեց գյումրեցիներին ժպտալ և դիլխոր չապրել: Կստացվի՞ համընդհանուր ժանտախտի պայմաններում ժպտալ կամ ուրախանալ՝ թող գյումրեցիներն, այնուամենայնիվ, փորձեն:

Երևանի քաղաքապետարանը, որոշ բացառությամբ 2016 թ., ամենայն շռայլությամբ վատնելով քաղաքի բյուջեն, ամեն տարի կազմակերպում էր քաղաքի ծննդյան տոնակատարությունը: Հիմնավորումը հետևյալն էր. «Մենք, մայրաքաղաքցիներս, քաղաքի տոնին պետք է մի լավ ուրախանանք»: Անգամ որոշ մարդիկ շտապեցին քննադատել բոլոր նրանց, ովքեր փորձեցին «քար գցել» իրենց ուրախության վրա և դեմ դուրս գալ տասնյակ հազարավոր դոլարներ գրեթե անիմաստ վատնելու գործընթացին: Իհարկե, նյութական մեծ կարողությունների տեր քաղաքապետին և նրանից կախում ունեցող, ինչպես նաև այդ տոնակատարությունից հազարավոր դոլարներ շահույթ ունեցող մայրաքաղաքցիների մի փոքր հատվածին կարող էր գերագույն հաճույք պատճառել քաղաքի տոնը, բայց հազարավոր խնդիրներ ունեցող Երևանին ու երևանցիներին՝ հազիվ թե: Իհարկե պետք է տոնել մայրաքաղաքի տոնը, բայց դա կարելի է իրագործել տասնյակ անգամ քիչ բյուջեի վատնումով կամ նույն բյուջեն ծախսել տասնյակ  անգամ առավել էֆեկտիվորեն: Էլ չեմ խոսում այն մասին, թե ազգի էության մարմնացում հանդիսացող մեր մեծերը՝ Հովհ. Չեքիջյանն ու Տ. Մանսուրյանը, Դանիել Երաժիշտն ու շատ ուրիշներ ինչպես պետք է ուրախանային կամ հրճվեին՝ հրապարակներում տեսնելով քաղաքի բյուջեից խոշոր հոնորարներ ստացող ողորմելի և կիսագրագետ «աստղերին» կամ ՌԴ-ից հրավիրված նմանակերպերին՝ դա միայն քաղաքապետարանին է հայտնի: Հետևաբար՝ պետք է ոչ թե «ուրախացնել» երևանցիներին, այլ քաղաքի տոնին փորձել նրանց մեջ վերականգնել քաղաքացի լինելու արժանապատվությունը, օտարերկրյա հյուրերին ի ցույց դնել քաղաքային մշակույթը, քաղաքային արիստոկրատիային և նման բաներ:

Կարելի է ուրախանալ անձնական-ընտանեկան հաջողություններով: Օրինակ՝ որդի ունես, կամ դուստր, ով լավ է սովորում, տաղանդավոր է, լավ նկարում է կամ օլիմպիադաներից վերադառնում է մեդալներով: Բայց մի՞թե կարելի է դրանից ցնծալ, երբ, օրինակ, քո կողքը, քո երկրում ապրում է 2016 թ. ապրիլի 2-ին զոհված հերոս կապիտան Հովսեփ Կիրակոսյանի ընտանիքը, որի երկու մանկահասակ որդիներն ամեն առավոտ զարթնում են առանց հոր, մեծանում են առանց հոր՝ հանուն այն բանի, որ դու քո երեխաներին այս երկրում հասցնես բարձունքների: Հետևաբար՝ պետք է սեփական զավակների հաջողություններով ոչ թե հրճվել, այլ հպարտանալ՝ սպասելով այն օրվան, երբ այդ հաջողությունները նրանք կծառայեցնեն մեր հայրենիքին, և շուտով լավ կապրեն նաև բոլոր հերոսների ընտանիքները:

Օրերս Երևանում բժշկական ծառայությունների հերթական շքեղ կենտրոնը բացեց գործարար, ծնունդով Ջավախքի Կարծախ գյուղից Վ. Ալթունյանը: Ներկա էին բազմաթիվ հյուրեր, հատկապես ընդգծված էր ջավախահայ գործարարների ներկայությունը: Բոլորի հետ ես էլ, իհարկե, ջերմորեն շնորհավորեցի և ի սրտե ուրախացա, որ հայ մարդը հայրենիքում, մեր մայրաքաղաքում ստեղծում է նման շքեղ կենտրոն: Բայց… Տունդարձին Վահագն Չախալյանը, որի հետ այցելել էինք կենտրոնի բացմանը, մտորումները փոխանցեց ինձ. «Էնտեղ ասեցի, շատերը հերթապահ խոսքեր ընկալեցին, շատերը կոնյակի ազդեցության տակ չլսեցին էլ, և քիչ մարդ ինձ հասկացավ: Նայելով այդ շքեղ կենտրոնին՝ մտածում եմ. ինչու՞ Ջավախքում էլ չունենայինք: Չգիտեմ, մարդիկ եկել հրճվում են, խմում, ուրախանում, իսկ իմ սիրտն ուրիշ բան է ուզում, այնտեղ՝ Ջավախքում…»: Մտորումներն ինձ ևս հարազատ էին: Եվ իսկապես՝ ինչպե՞ս ուրախանաս, երբ քո հայրենի ծննդավայրում, քո հայրենի Ջավախքում  բազում խնդիրներ կան, որտեղ շուրջ 13 հազար աշակերտներ արդեն մի քանի տարի է, ինչ ծուռվիզ և թածոտ հայացքներով սպասում են ՀՀ-ից այդպես էլ չեկած մայրենի լեզվի ու հայ գրականության դասագրքերին…

Երբ մարդու ընտանիքի անդամներից մեկին դժբախտ դեպք է պատահում կամ վերջինս հայտնվում է ինչ-ինչ դժվարությունների մեջ, ողջ ընտանիքով վշտանում են, աշխատում, օգնում, որ իրենց սիրելիին դուրս բերեն այդ վիճակից: Ցավոք, մեր մեջ դեռևս համընդանուր չէ այն գիտակցումը, որ ազգը ևս մի մեծ ընտանիք է, իսկ հայրենիքը՝ մեր մեծ տունը, և մենք սեփական հաջողություններից ուրախանալու հաջորդ վայրկյանին պետք է գիտակցենք, որ մեր մեծ ընտանիքում շատերը դեռ դժվարությունների մեջ են, մեր մեծ տունը՝ դեռ մասնատված ու բզկտողներով շրջապատված: Հետևաբար՝ ուրախությունը դա հոգևոր բավարարվածություն է, իսկ հայը պետք է ուրախանա այն ժամանակ, երբ անձնական հաջողությունները ծառայեցնում է սեփական ազգի, հայրենիքի ու պետության ամբողջացմանն ու զորացմանը: Մնացյալ դեպքերում ուրախությունը կարելի է համեմատել հորթային հրճվանքի հետ, չնայած, հորթի հրճվանքը ևս ինչ-որ տեղ իմաստալից է, քանի որ այս կենդանու հրճվանքը զուգորդվում է առաջին անգամ գոմից դուրս գալու, գարնան շունչը զգալու և այլ արտաքին ազդակների հետ:

Վերջապես, պատահական չեն ասված մեծանուն զորավարի հետևյալ խոսքերը. «Ուրախ քրքջալու ժամին մի՛ մոռանա, որ դառնորեն լացողներ կան… Սիրի՛ր թշվառին, ծառայի՛ր սրան, թող քո ցավը՝ թշվառի ցավը, քո Աստվածը՝ թշվառի Աստվածը լինի…» (Գ. Նժդեհ, «Դաշնակցության պանթեոնը»):

Հ.Գ. Հայության ներկայիս աննախանձելի դրության պատճառն արդյո՞ք ՀՀ որոշ հասարակական-քաղաքական, մշակութային և այլ շրջանակների մոտ արմատացած «հորթային հրճվանքը» չէ…

15.02.2017 թ.

Վահե Սարգսյան

Hetq.am