Ապրիլին Վրաստանը կունենա նոր Սահմանադրություն․Արդյո՞ք հին սխալներով
Ինչպես հայտնի է, ցանկացած երկրի Սահմանադրության տեքստը տվյալ երկրի ներքին կայունության ինքնատիպ երաշխիքն է։ Մինչդեռ Վրաստանի անկախության վերականգնման պահից ի վեր մեր երկրի իշխանությունը հիմնական օրենքին վերաբերվել են, մեղմ ասած, անզգուշորեն։ 22 տարվա ընթացքում Վրաստանի Սահամանադրության ընդունման պահից (1995թ․) տեքստը փոփոխվել է 33 անգամ։ Ի՞նչն է խնդիրը, ինչո՞ւ է երկրի Սահմանադրության տեքստը փոփոխվում ավելի հաճախ, քան պատմության դասագրքերը։
Ինչպես նշում են փորձագետները, Սահմանադրության հաճախակի փոփոխության հիմնական պատճառը ամենևին էլ Սահմանդրությունը կատարելագործելու ցանկությունը չէ, այլ իշխանության ղեկին գտնվող խմբերի ցանկությունը իրենց հարմարեցնել հիմնական օրենքի տեքստն այնպես, որպեսզի հնարավորինս երկար մնան իշխանության ղեկին։
Հետադարձ հայացք գցելով՝ կարելի է համոզվել, որ տվյալ տեսակետը լիովին իրավունք ունի հիմնական պատճառ հանդիսանալու։ Այդպես էլ այսօր, Սահմանադրական հանձնաժողովը, որն արդեն հասցրել է անցկացնել մի քանի աշխատանքային նիստ, իր իսկ տարածած տեղեկությունից դատելով՝ հիմնական ուշադրությունը դարձնում է նախագահի լիազորությունների սահմանափակմանը։ Ծրագրվում է կրճատել երկրի նախագահի լիազորությունները և փոխանցել դրանք կա՛մ Խորհրդարանին, կա՛մ Կառավարությանը… Դեռևս հայտնի չէ, թե հատկապես ում։
Մինչդեռ, Վրաստանի Սահմանադրության հիմնական թերություններից մեկը (իր գրվելու պահից սկսած) ամենևին էլ պետական կառավարման ձևի հարցը չէ։ Բնականաբար, հարցը կարևոր է, բայց առաջինը, ինչն աչքի է զարնում Սահմանադրության տեքստը կարդալիս, դա պետական կազմակերպման հարցն է։
Երկրի հիմնական օրենքի տեքստի համաձայն՝ Վրաստանը Խորհրդարանական Հանրապետություն է։ Մինչդեռ, միևնույն տեքստի համաձայն՝ Վրաստանի Հանրապետության կազմում են մտնում Աջարիայի և Աբխազիայի Ինքնավար Հանրապետությունները։ Ինչպես հայտնի է, պետությունները, որոնք իրենց կազմում ընդգրկում են ինքնավար միավորներ, առավել ևս Հանրապետություններ, կոչվում են Դաշնություններ։ Բայց, այսպես թե այնպես, մեր Սահմանադրությունը հայտարարում է, որ Վրաստանը Հանրապետություն է։
Դատելով ամեն ինչից՝ տվյալ անհամապատասխանությունն արդեն վաղուց դարձել է քննարկման առարկա տարբեր մակարդակներով։ Հնարավոր է հենց դրանով էլ պայմանավորված է այն փաստը, որ Սահմանադրական Հանձնաժողովի առաջին իսկ նիստի ընթացքում նրա ատենապետը արել է հետևյալ հայտարարությունը․«Ինչ վերաբերում է Խորհրդարանի երկրորդ պալատի ստեղծման հարցին (Սենատ, որտեղ պետք է ներկայացված լինեն Վրաստանի կազմում գտնվող ինքնավար սուբյեկտների պատգամավորները -խմբ), տվյալ հարցը կախված է երկրի ամբողջ տարածքի վրա մեր իրավասության հաստատելու հարցից։ Դրանից ելնելով՝ մենք, իհարկե, պետք է քննարկենք այդ հարցը, մինչդեռ կարծում եմ, որ տվյալ փուլում Վրաստանը պատրաստ չէ, որպեսզի երկրում հաստատվի խորհրդարանի երկպալատ համակարգ»։
Սահմանադրական Հանձնաժողովի հայտարարությունների համաձայն՝ ծրագրվում է վերանայել երկրի շրջանների լիազորությունների ընդարձակմանը վերաբերող հարցերը։ Բայց ինչպես երևում է, երկրի Խորհրդարանի նախագահի հայտարարությունից չարժե հուսալ, որ Սահմանադրության նոր տեքստը կապահովի երկրի շրջանների միջև ճշմարիտ իրավահավասարություն, կապահովվի բոլոր քաղաքացիների հավասարությունը։
Մինչ հարգելի ընթերցողին սպասվելիք սահմանադրական փոփոխությունների մանրամասների հետ ծանոթացնելը, առաջարկում ենք ուշադրություն դարձնել 1921թ․-ի փետրվարին ընդունված Վրաստանի առաջին Սահմանադրության տեքստին, որն ընդունվել է այն ժամանակ, երբ Վրաստանի տարածքային ամբողջականության հարցն օրակարգային չի եղել: Ավելին, անհրաժեշտ է նշել, որ չնայած խորհրդային բռնագրավմանը, հնարավոր է, որ հենց առաջին սահմանադրության գաղափարախոսությունը թույլ չտվեց զավթիչին ХХ դարի 20-30-ականներին Վրաստանից խլել իր պատմական նահանգները:
Հայտնի չէ, թե ինչպես կավարտվի ներկայիս Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքը։ Հնարավոր է, արդյունքը կախված է նաև նրանից, թե ինչ ակտիվությամբ տվյալ գործընթացին կմասնակցի մեր երկրի հասարակությունը։ Մինչդեռ պարզ է՝ ներկայիս Սահմանադրությունը Առաջին Սահմանադրության համեմատությամբ ակնհայտորեն պակաս ժողովրդավարական և արդար օրենք է հանդիսանում։ Եվ, համապատասխանաբար, անհրաժեշտ կլինի ենթարկվելու մշտական փոփոխությունների։
Վրաստանի Անդրանիկ Սահմանադրություն՝ ընդունված 1921թ փետրվարի 21-ին
(Քաղվածք)
Գլուխ 14. Ազգային փոքրամասնությունների իրավունքները.
Կետ 129
Չի կարելի, որ սահմանափակվի Վրաստանում ապրող որևէ ազգային փոքրամասնության սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացումը: Հատկապես մայրենի լեզվով ուսուցումն ու դաստիարակությունը, ազգային-մշակութային գործերի ներքին ղեկավարումը: Բոլորն իրավունք ունեն խոսել, գրել, կարդալ մայրենի լեզվով:
Կետ 130
Սահմանադրական նորմերի շրջանակներում և օրենքների վերահսկողությամբ ազգային փոքրամասնություններից կազմված տեղական ինքնակառավարման միավորները (համայնք, գյուղ, քաղաք) մշակութալուսավորչական գործերով ավելի լավ կառավարման նպատակով իրավունք ունեն միանալու և ստեղծելու ազգային միությունները: Ազգային փոքրամասնությունները, որոնք տեղական ինքնակառավարման միավոր չեն կազմում, ևս ունեն նման միություններ կազմելու իրավունք: Ազգային փոքրամասնությունների մշակութալուսավորչական պահանջները բավարարելու համար պետության և տեղական ինքնակառավարման միավորների բյուջեից կհատկացվեն միջոցներ, համամասնական բնակչության քանակությամբ:
Կետ 131
Չի կարելի, որ ազգային միություններում մասնակցելու պատճառով որևէ մեկը սահմանափակված լինի քաղաքական և քաղաքացիական իրավունքներից:
Կետ 132
Սահմանադրությամբ և օրենքով հաստատված ազգային փոքրամասնությունների իրավունքների և ազատության խախտման հարցերի վերաբերյալ բոլոր ազգային միություններն իրավունք ունեն դատարան դիմելու և պաշտպանելու իրենց իրավունքները:
Կետ 133
Վրաստանի բոլոր քաղաքացիներն ունեն պետական, քաղաքացիական, ռազմական և ցանկացած այլ բնագավառներում աշխատանքի ընդունելու հավասար իրավունք:
Կետ 134
Տեղական ինքնակառավարման այն միավորներում, որտեղ գոյություն ունի ազգային խառը կառավարում, անհրաժեշտ է, որպեսզի մշակութալուսավորչական պահանջները բավարարելու համար բյուջեից հատկացված միջոցները համամասնաբար բաժանվեն անհրաժեշտ քանակությամբ դպրոցների և այլ կրթական հաստատությունների ստեղծման համար` ըստ ազգության ներկայացուցիչների քանակի:
Կետ 135
Ազգային փոքրամասնության դպրոցներում ուսումնական գործընթացն անցկացվում է աշակերտների մայրենի լեզվով:
Կետ 136
Տեղական ինքնակառավարման մարմինների այն միավորներում, որտեղ ազգային փոքրամասնությունների քանակը բնակչության ընդհանուր քանակի համեմատությամբ գերազանցում է 20%-ը, տվյալ ազգային փոքրամասնության խնդրանքով շփումը և գործավարությունը պետական և հասարակական հաստատություններում, որը գտնվում է տվյալ տարածքային միավորի մեջ, պետք է կատարվի ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվով պետական լեզվի հետ հավասար:
Կետ 137
Ոչ վրացի պատգամավորը, որը չի տիրապետում պետական լեզվին անհրաժեշտ չափով, իրավունք ունի ելույթ ունենալ մայրենի լեզվով այն պայմանով, որ նախօրոք կներկայացնի բյուրոյին իր ելույթի ճշգրիտ թարգմանությունը պետական լեզվով:
Վրաստանի Հայ Համայնք