Թբիլիսիի երբեմնի ամենամեծ՝ հայկական եկեղեցու կանգուն հատվածը վտանգի տակ է. Վրաստանի պատկան մարմինները չեն պատասխանել Վիրահայոց թեմի նամակներին
Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող Շամխորեցոց Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցու հարակից տարածքում կառուցվում է բնակելի երկաթբետոնե շենք: Հողակտորը 560 քմ է, իսկ կառուցվող շինության մակերեսը` 287.7 քմ: Վրացական մամուլն ու հասարակական կազմակերպություններն ահազանգում են, որ բնակելի շենքի շինարարությունը վտանգում է եկեղեցու կանգուն մնացած հատվածը: Ընթացող շինարարության, Վիրահայոց թեմի միջամտության և Վրաստանի իշխանությունների քայլերի շուրջ Tert.am-ը զրուցեց Վիրահայոց թեմի մամուլի և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանի հետ:
— Տիկին Խաչատրյան, ե՞րբ է սկսվել եկեղեցու շինարարությունը և Վիրահայոց թեմն ի՞նչ է արել շինարարական աշխատանքները կանխելու համար:
— Ընդամենը երկու ամիս առաջ Թբիլիսիում խուճապ բարձրացվեց հինավուրց՝ 1885 թվականի կառույց Շամխորեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու հարևանությամբ ընթացող շինարարության վերաբերյալ: Շինարարությունը սկսվել է նախորդ տարվա նոյեմբերի վերջին, դեկտեմբերին մենք անմիջապես ահազանգեցինք, նամակ գրեցինք Վրաստանի հուշարձանների պահպանության ազգային գործակալությանը, Թբիլիսիի քաղաքապետարանին՝ խնդրելով պատշաճ միջոցներ ձեռնարկել, որովհետև ընթացող շինարարությունը վնաս էր հասցնում առանց այն էլ վթարային վիճակում գտնվող շինությանը:
— Այդ շինարարությունը չի՞ խախտում հուշարձանի պաշտպանության գոտիները:
— Եկեղեցին 1885-ի կառույց է, բայց 1989 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Կովկասում ամենաբարձր գմբեթ ունեցող և մեծ եկեղեցին փլուզվեց: Մնացին ընդամենը փլատակներ և արևելյան պատը: Այժմ էլ ընդամենը 5-6 մետր հեռավորության վրա ընթանում է շինարարություն և կառուցվում է բնակելի շենք, որն, իհարկե, վնաս է հասցնում առանց այդ էլ վնասված եկեղեցուն: Բացի այդ՝ փլուզված շենքի պատը կարող է վնաս հասցնել անգամ այդ կառուցվող շենքին:
-Ի՞նչ պատասխանեցին Վիրահայոց թեմի նամակին պատկան մարմինները:
— Երբ մենք դեկտեմբերին դիմեցինք՝ մեր նամակին պատասխան չեղավ:
-Ի՞նչ արվեց դրանից հետո, և արդյոք թեմը բավարարվելո՞ւ է կատարած աշխատանքով:
-Փետրվարի 5-ին Վիրահայոց թեմը կրկին նամակ գրեց՝ այս անգամ արդեն նամակ հղելով նաև Կրոնի հարցերով պետական գործակալությանը: Նամակը հղված էր մշակույթի նախարարությանը, Հուշարձանների պահպանության ազգային գործակալությանը, Թբիլիսիի քաղաքապետարանին և Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալությանը: Ասեմ, որ շատ անսովոր կերպով հարցին անմիջապես արձագանքեցին նաև վրացական լրատվամիջոցները, որոնք պահանջում էին դադարեցնել շինարարությունը և չվնասել երկրի հինավուրց հուշարձանը:
Մեր նամակի մեջ դա էլ ենք կարևորել՝ ասելով որ եկեղեցին հայկական է, գտնվում է Թբիլիսիում, բայց այն գտնվում է հուշարձանների պահպանության ցուցակի մեջ և հանդիսանում է Վրաստանի մշակութային կոթող: Նրանք պարտավոր են խնդրին համապատասխան լուծում տալ, թեմն իր ուշադրության ներքո է պահում հարցը: Մենք Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի հետ խոսակցություն ենք ունեցել և պատրաստվում ենք ավելի կտրուկ միջոցների դիմել: