Գրենլանդիայի խորհրդարանի ընտրությունում մեծամասնություն են ստացել անկախության կողմնակիցները

Գրենլանդիայի անկախության կողմնակիցները հաղթել են մարտի 11-ին տեղի ունեցած տեղական խորհրդարանի ընտրությունում, հայտնում է Դանիական ռադիոն։
Ձայների 100%-ի հաշվարկով 31 տեղանոց խորհրդարանում ամենամեծ ներկայացվածությունը ստացել է Demokraatik (Դեմոկրատներ) կուսակցությունը՝ 10 մանդատ։ Այն հավատարիմ է լիբերալ գաղափարախոսությանը և հանդես է գալիս անկախության աստիճանական ձեռքբերման օգտին: Երկրորդ տեղում Naleraq (Ձգտում) կուսակցությունն է, որը հանդես է գալիս Դանիայի հետ կապերի առավել կտրուկ խզման և կղզու անկախության օգտին: Այն տեղի խորհրդարանում ներկայացնելու է 8 պատգամավոր։
Մինչև ընտրությունը Գրենլանդիայում իշխանության ղեկին կանգնած ձախ սոցիալիստական կուսակցությունը՝ Inuit Ataqatagiit-ը (Էսկիմոսների միավորում) պարտություն է կրել ՝ ստանալով ընդամենը 7 տեղ։ Նրանց գործընկեր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը խորհրդարանի նոր կազմում կներկայանա 4 պատգամավորով: Եվս 2 տեղ են ստացել լիբերալ-պահպանողականները։
Չնայած դեմոկրատներն ունեն ամենամեծ ներկայացվածությունը Գրենլանդիայի նոր խորհրդարանում, սակայն չունեն խորհրդարանական մեծամասնություն՝ 16 մանդատ, հետևաբար ստիպված կլինեն կոալիցիոն բանակցություններ սկսել։
Ընտրություններին մասնակցությունը կազմել է 70,9%: