Տեառնընդառաջի տոնը՝ Վիրահայոց թեմում
Տեառնընդառաջը հայ ժողովրդի սիրած և ուրախ Տերունի տոներից է, որի տոնակատարությունը Վիրահայոց թեմի եկեղեցիներում ընթացավ եկեղեցական արարողություններով և ժողովրդական ուրախ հանդեսով:
Տոնը սկսվեց 2017 թվականի փետրվարի 13-ին, Թեմի եկեղեցիներում կատարված նախատոնակ-ժամերգություններով:
Տեառնընդառաջը Թբիլիսիում մեծ շուքով նշվեց ինչպես Սուրբ Գևորգ առաջնորդանիստ, այնպես էլ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում:
Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում, նախատոնակ-ժամերգությունը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ: Հայոց եկեղեցու տերունի տոնը իր ներկայությամբ պատվել էր Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն: Հոգևոր արարողությանը ներկա էին համայնքային գործիչներ, մտավորականներ, բազմաթիվ հավատացյալներ:
Մեղմանուշ շարականների ուղեկցությամբ հավատացյալներն ունկնդրեցին Մարիամ Աստվածածնի՝ 40-օրական Հիսուսին Տաճարին ընծայելու տոնի խորհուրդը: Երեկոյան ժամերգությունից հետո Թեմակալ առաջնորդի գլխավորությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց Անդաստանի արարողություն, օրհնվեցին աշխարհի չորս կողմերը: Այնուհետև վառվեցին մոմերը, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Հավաքված բազմությանը օրհնության խոսքով դիմեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Վազգեն Սրբազանը խաղաղություն մաղթեց Վրաստանին և Հայաստանի Հանրապետությանն ու Արցախ աշխարհին, հորդորեց ներկաներին՝ հավատարիմ մնալ ավանդական և հոգևոր տոներին, համախմբված լինել Հայոց Սուրբ Եկեղեցու շուրջը, պահել ազգային և հոգևոր արժեքները և փոխանցել սերունդներին:
Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինաթյամբ հռչակվել է նորապսակների օրհնության օր: Աստվածահաճո արարողությանը ներկա գտնվելու և Բարձրյալի օրհնությանը արժանանալու փափագով եկեղեցում էին գտնվում այն ամուսնական զույգերը, որոնք պսակադրվել էին անցած մեկ տարվա ընթացքում:
Ամենուրեք եկեղեցիների բակերում վառվեց Տեառընդառաջի ավանդական խարույկը և սկսվեց տոնական հանդիսությունը, որի հանձնակատարն էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը (ղեկավար Լևոն Չիդիլյան): Համերգը վարեցին պարուսույց Սուրեն Աբրամյանը (Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի) և լրագրող Լիզա Թորոսյանը՝ (Սուրբ Էջմիածին եկեղեցի): Եկեղեցիների բակերում իրար հաջորդեցին «Վանք» (պարուսույց Լիանա Կաշավանիձե), «Անի» (պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյան) և «Տարոն» (պարուսույց Սուրեն Աբրամյան) համույթների պարերը, ներկայացնելով ժողովրդական երգաքառյակներով հարսանեկան տեսարաններ: Հայրենասիրական և ազգագրական երգերի կատարմամբ հանդես եկան մենակատարներ Աննա Բադալյանը, Նինա Կարապետյանը, Աիդա Բազոյանը, Անի Հովհաննիսյանը, «Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախմբի մենակատարները: Ժողովրդական մեղեդիներ հնչեցին «Հայարտուն» կենտրոնի դհոլի և դուդուկի խմբերի կատարմամբ:
Քաղաքի Հավլաբար և Մեյդան թաղամասերում՝ գտնվող Հայոց Եկեղեցիներում ուրախ երգն ու պարն ավարտվեց գեղեցիկ հրավառությամբ:
Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիների հոգևոր սպասավորների նախաձեռնությամբ և խաչքավորներ Յուրի Երեմյանի և Կարեն Սարգսյանի աջակցությամբ կազմակերպվեց նորապսակների հյուրասիրություն:
Տոնը հանդիսավորապես նշելուն պատրաստվել էին թեմի հայաբնակ գրեթե բոլոր տարածաշրջաններում: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում ծիսական արարողությունները կատարվեցին Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հգշ. Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի հանդիսապետությամբ: Առաջնորդական փոխանորդության «Զարթոնք» և «Վաչիան» ազգագրական երգի-պարի համույթների (գեղ.ղեկավար Նասլեթ Քեյան) մասնակցությամբ տրվեց ուրախ համերգ, որից հետո եկեղեցու խաչի քավոր Աղասի Կարաբեկյանը նորապսակներին բաժանեց նվերներ: Տյառնընդառաջի տոնը հավուր պատշաճի նշվեց նաև շրջանի Կուլիկամի Սուրբ Երրորդություն և Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցիներում:
Ժողովրդի կողմից սիրված տոնը նախատոնակով, խարույկի շուրջ ուրախ երգ ու պարի ուղեկցությամբ ընթացավ նաև Նինոծմինդայի Սուրբ Սարգիս և մերձակա Մամզարայի Սբ.Մեսրոպ Մաշտոց, Ջիգրաշենի Սուրբ Հրեշտակապետաց, Մեծ Արագյալի Սուրբ Խաչ և Սաթխայի Ներսես Մեծ եկեղեցիներում:
Ուրախ ընթացավ տոնը նաև Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Ծուղրութի Սուրբ Սիոն ու Ծիրայի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցիներում:
Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում նախատոնակի ժամերգությունից և նորապսակների օրհնությունից հետո Վիրահայոց թեմի Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի (տնօրեն Սոնա Հովհաննիսյան) գեղարվեստական խմբերի մասնակցությամբ ավանդական խարույկի շուրջ տեղի ունեցավ գեղեցիկ համերգ:
Փետրվարի 14-ին Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում Տեառնընդառաջի տոնի կապակցությամբ մատուցվեց տոնական Սուրբ և Անմահ Պատարագ:
Աղբյուր՝ armenianchurch.ge