Մենք չենք հրաժարվում Հայաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում շփումներից. Զախարովա
		19.06.2024 . Տարածաշրջան


Ռուսաստանը չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներից, դրանք պարբերաբար իրականացվում են, և հայկական կողմից բողոքներ չեն եղել։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այդպիսով նա արձագանքել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի այն հայտարարությանը, թե Հայաստանի անցումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ անհնար կդարձնի միասնական պաշտպանական տարածքի պահպանումը ՌԴ-ի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում, և «ասեկոսեներին», թե Ռուսաստանը կարող է հրաժարվել Հայաստանի հետ զենքի մատակարարման շուրջ ցանկացած բանակցությունից:

«Արտասահմանյան երկրներ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումներն իրականացվում են՝ հատուկ ռազմական գործողության կարիքները հաշվի առնելով, ինչի մասին ՌԴ ղեկավարությունը բազմիցս խոսել է։ Սպառազինության և ռազմական տեխնիկայի որոշակի տեսակների նկատմամբ առկա սահմանափակումները վերաբերում են ռազմատեխնիկական համագործակցությանը ոչ միայն Հայաստանի, այլև մեր մյուս գործընկերների հետ»,- ասել է Զախարովան և հավելել.

«Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներին, մենք դրանցից չենք հրաժարվում, դրանք կանոնավոր կերպով են ընթանում, այդ հարցում բողոքներ չեն եղել»։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին