ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությանը դեմ է միայն Ռումինիան 19.06.2024 . Միջազգային
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ պաշտպանում է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի պաշտոնում: Կառույցում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, ուստի հավանական թեկնածուն պետք է ստանա անդամ բոլոր երկրների աջակցությունը:
Նախապես Ռյուտեի թեկնածությանը դեմ է արտահայտվել երեք երկիր՝ Հունգարիան, Ռումինիան և Սլովակիան։ Երեքշաբթի Սլովակիայի իշխանությունները հայտնել են, որ համաձայն են պաշտպանել նրա թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։
Նույն օրը Հունգարիայի կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանն է հայտարարել, որ Հունգարիան պատրաստ է պաշտպանել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի նշանակմանը Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում:
Նրա խոսքով՝ ավելի վաղ Բուդապեշտը և կազմակերպության ներկայիս գլխավոր քարտուղարը պայմանավորվել են, որ հունգարացիները չեն մասնակցի Ուկրաինայում ՆԱՏՕ-ի գործողություններին, ինչպես նաև, դրա համար չեն օգտագործվի հունգարական միջոցները։ Ըստ Օրբանի՝ Ռյուտեն հայտարարել է, որ մտադիր է հետևել այդ պայմանավորվածություններին, եթե դառնա կազմակերպության գլխավոր քարտուղար։
Այսպիսով, այդ պաշտոնում Նիդերլանդների վարչապետի թեկնածությանը առայժմ դեմ է միայն Ռումինիան, որի նախագահ Կլաուս Յոհաննիսը նույնպես հավակնում է այդ պաշտոնին:
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար ընտրելու համար անհրաժեշտ է կոնսենսուս դաշինքի անդամ բոլոր երկրների ղեկավարների միջև։