Ռուսաստանը կարող է ձգձգել Կիևի հետ զինադադարի ստորագրումը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Ռուսաստանը կարող է միտումնավոր ձգձգել Ուկրաինայի հետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը։ «Ես համոզված չեմ, բայց կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է ավարտել այս պատերազմը, հնարավոր է նաև, որ ձգձգում է ժամանակը: Գիտեք, երկար տարիներ ես դա արել եմ որպես գործարար. չես ուզում պայմանագիր կնքել, միաժամանակ ուզում ես մնալ խաղի մեջ: Վստահ չեմ, բայց կարծում եմ, որ Ռուսաստանն էլ, Զելենսկին էլ կցանկանան, որ պատերազմն ավարտվի»,- ասել Է Թրամփը Newsmax մեդիաընկերության եթերում:
Մարտի 23-25-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ԱՄՆ-ի ներկայացուցիչներն առանձին բանակցություններ են վարել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հետ: Այդ հանդիպումների արդյունքում, ըստ Սպիտակ տան հայտարարության, Կիևն ու Մոսկվան պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունն ու բացառել «ուժի կիրառումը» Սև ծովում: