Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է ծովում զինադադարի պայմանները խեղաթյուրելու համար

Վոլոդիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է մանիպուլյացիաների համար՝ Սև ծովում հրադադարի համաձայնագրի պայմանները մեկնաբանելիս, որը կնքվել է Էր Ռիադում ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակ, գրում է DW-ն։
«Ցավոք սրտի, արդեն հիմա՝ հենց բանակցությունների օրը, տեսնում ենք, թե ինչպես են ռուսները սկսել մանիպուլյացիա անել։ Կրեմլը կրկին ստում է՝ հայտարարելով, որ Սև ծովում հրադադարի ռեժիմը կախված է պատժամիջոցների վերացման հարցից»,- հայտարարել է Զելենսկին և նշել, որ բանակցությունների վերաբերյալ Սպիտակ տունը հայտարարություններում դրա մասին խոսք չկա:
Նա նաև սուտ է անվանել Կրեմլի այն պնդումը, թե էներգետիկ ենթակառուցվածքների գնդակոծման արգելքը ուժի մեջ է մտել մարտի 18-ին, և զգուշացրել է, որ եթե ռուսական զորքերը շարունակեն հարձակվել Ուկրաինայի վրա, ուկրաինական զինուժը կպատասխանի հարվածներով։
DW-ն գրում է, որ մարտի 25-ին ԱՄՆ-ը, Ուկրաինան և Ռուսաստանը հայտարարություններ են տարածել Էր Ռիադում բանակցությունների արդյունքների վերաբերյալ։ Երեք տեքստերը ընդհանուր առմամբ նման են, բայց տարբերվում են մանրամասներով։ Երեք երկրներն էլ գրել են Սև ծովում ռուս-ուկրաինական զինադադարի, Մոսկվայի և Կիևի կողմից էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների արգելքի ու հետագա բանակցությունների պատրաստակամության մասին։
Սակայն Կիևը հայտարարել է, որ կհարձակվեն Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերի վրա, եթե նրանք մտնեն Սև ծովի արևմտյան հատված։ Մոսկվան էլ հայտնել է, որ ծովում հրադադարն ուժի մեջ կմտնի միայն սննդամթերքի ու պարարտանյութերի արտադրության և առևտրի ոլորտում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացումից հետո։ Դոնալդ Թրամփը, իր հերթին, խոստացել է ուսումնասիրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը: