Դանիայի ԱԳՆ-ն ողջունել է Գրենլանդիա ամերիկյան պատվիրակության այցի ծրագրի փոփոխությունը

ԱՄՆ վարչակազմի որոշումը, որ ամերիկյան պատվիրակության այցը Գրենլանդիա կսահմանափակվի Pituffik տիեզերակայանով, ճիշտ քայլ է, ասել է Դանիայի արտգործնախարար Լարս Լեկե Ռասմուսենը։
«Կարծում եմ՝ լավ է, որ այցի ընթացքում ամերիկացիները չեն շփվի գրենլանդական հասարակության հետ, փոխարենը կայցելեն իրենց սեփական բազա՝ Pituffik, և մենք դրա դեմ ոչինչ չունենք»,- ասել է նախարարը։
Ավելի վաղ որոշված էր, որ այս շաբաթ ամերիկյան երկու պատվիրակություն մեկնում է Գրենլանդիա. մեկը պետք է գլխավորի ԱՄՆ փոխնախագահի Ջեյ Դի Վենսի կինը՝ Ուշա Վենսը, իսկ մյուսի կազմում կլինեն նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը: Երկու պատվիրակությունն էլ նախատեսել է այցելել Գրենլանդիայի հյուսիսում գտնվող ԱՄՆ ռազմատիեզերական Pituffik ռազմաբազա, Ուշա Վենսը՝ նաև կղզու տեսարժան վայրեր՝ «Գրենլանդիայի, նրա մշակույթի, պատմության և ժողովրդի մասին ավելին իմանալու համար», ինչպես նաև ներկա լինել սահնակներով շների մրցավազքին։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, սակայն, երեքշաբթի հայտարարել էր, որ որոշել է միանալ իր կնոջը՝ Ուշիին, այդ ուղևորության ժամանակ: Մարտի 25-ին Սպիտակ տունն էլ հայտարարել է, որ պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահը և այցը կսահմանափակվի Pituffik բազայով՝ դրա անվտանգությունը ստուգելու համար:
Ամերիկացի բարձրաստիճան անձանց այցերին բացասական են արձագանքել նաև Գրենլանդիայի նախկին և ապագա վարչապետները՝ դրանք համարելով սադրանք և անհարգալից վերաբերմունք Գրենլանդիայի ժողովրդի հանդեպ: