Զապորոժիեի ԱԷԿ-ի նկատմամբ վերահսկողությունը ուրիշ երկրի չի փոխանցվի. ՌԴ ԱԳՆ

Զապորոժիեի ԱԷԿ-ի նկատմամբ վերահսկողությունը ուրիշ երկրի չի փոխանցվի. ՌԴ ԱԳՆ


ՌԴ ԱԳՆ-ն բացառել է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ատոմակայանի (ԶԱԷԿ) նկատմամբ վերահսկողության փոխանցումը Ուկրաինային կամ որևէ այլ պետության։ Համապատասխան հայտարարությունը մարտի 25-ին հրապարակվել է ՌԴ գերատեսչության կայքում:

ՌԴ ԱԳՆ-ն նաև հայտարարել է. «Կայանի վերադարձը ռուսական ատոմային արդյունաբերություն վաղուց կայացած փաստ է: Զապորոժիեի ԱԷԿ-ի համատեղ շահագործումը որևէ պետության հետ անթույլատրելի է, քանի որ այդ դեպքում հնարավոր չի լինի պատշաճ կերպով ապահովել միջուկային անվտանգությունը: Համաշխարհային պրակտիկայում նման նախադեպեր չկան»,- ասվում է ուղերձում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները, անվտանգության նկատառումներից ելնելով, կարող է իր վերահսկողության տակ վերցնել Ուկրաինայի չորս ատոմակայանը, հաղորդում է dpa-ն։

Վաշինգտոնը կարծում է, որ դրանք ԱՄՆ-ի սեփականությանը հանձնելը լավագույն պաշտպանությունը կլինի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ընդգծել է, որ մարտի 19-ին Թրամփի հետ իր զրույցի ընթացքում խոսվել է «բացառապես մեկ կայանի՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի մասին, «որը գտնվում է Ռուսաստանի ժամանակավոր օկուպացիայի տակ»։