Ռուսաստանն ամեն ինչ անում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Պուտին

Ռուսաստանն ամեն ինչ անում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար՝ հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Նույն ոգով է կառուցվում մեր համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Մենք արել և անում ենք ամեն ինչ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման, Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար: Այսուհետ ևս կաջակցենք խաղաղության պայմանագրի կնքման, պետական սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ 2020-2022 թվականների բարձր մակարդակի հայտնի եռակողմ պայմանավորվածությունների հունով»,- ասել է Կրեմլի ղեկավարը:

Ռուսաստանի նախագահը նաև ուշադրություն է հրավիրել հոկտեմբերին Կազանում կայացած BRICS-ի գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցի վրա, այն անվանել «օգտակար»:

«Չեմ կարող գոհունակություն չհայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն օգտվել են Կազանում BRICS-ի գագաթնաժողովի հարթակից և օգտակար զրույց են ունեցել սկզբունքային հարցերի շուրջ, որոնք վերաբերում են տարածաշրջանում կայուն խաղաղության և ազգամիջյան համաձայնության ձեռքբերմանը»,- ընդգծել է Պուտինը: