Ավագանու նիստին պետք է անդրադառնանք արտոնյալ խմբերի՝ տրանսպորտում զեղչային համակարգից օգտվելուն. Ավինյան
«Մենք երկու ամիս շուտ արդեն որոշակի քայլեր նախաձեռնեցինք, որ մասամբ անցնենք միասնական տոմսային համակարգի գործարկմանը, այս անցումը ամբողջապես կանխիկ վճարումներից դարձնենք մասամբ արդեն անկանխիկ, հուսով եմ՝ մինչև հունվարի 1-ը գրեթե 100 տոկոսանոց անկանխիկին կմոտենանք»:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ աել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով միասնական տոմսային համակարգին։
Ավինյանի խոսքով՝ իրենք քննարկում են ունեցել ԿԲ գործընկերների հետ, շուտով նաև պետք է լուծվի բանկային քարտերով վճարումների խնդիրը։
«Դա նույնպես հնարավորություն է լինելու այս անցումային շրջանում վճարումներ կատարելու, այսինքն՝ տարբերակները, որոնցով միասնական տոմսային համակարգը թույլ է տալու որպես վճարում իրականացնել, իհարկե, ավելի բազմազան են լինելու, իսկ էլ ավելի բազմազան են լինելու հունվարի 1-ից»,- նշել է Ավինյանը։
Քաղաքապետի խոսքով՝ նոյեմբերի առաջին օրերի ցուցանիշները ցույց են տվել, որ միասնական տոմսային համակարգի ընկալումը երևանցիների մոտ կա, հասկանում են՝ այն ինչի մասին է։
«Բոլոր խնդիրներով հանդերձ՝ այս համակարգը միանշանակ էն ուղղությունն է, որ այլընտրանք չունի, ընդհանուր առմամբ այն օգտագործման առումով բարդ չէ, քանի որ նաև վճարման մեթոդներն են բազմազան, ամեն մեկը իրեն հարմար մեթոդը կգտնի, բայց որ ամենակարևորն է, շուտով ավագանու նիստերից մեկին պետք է անդրադառնանք նաև արտոնյալ խմբերին, այն խմբերին, որ պետք է ունենան զեղչային համակարգ տրանսպորտից օգտվելիս՝ դա վերաբերում է և ավտոբուսներին, և մետրոպոլիտենին, և տրոլեյբուսներին, լինելու են և դպրոցականներ, և թոշակառուներ, և հատուկ խմբեր, որոնք դրա կարիքը ունեն։ Այս դեպքերում մենք նմանատիպ զեղչային համակարգը կիրառելու ենք այն մարդկանց նկատմամբ, որ իրապես դրա կարիքը ունեն»,- մանրամասնել է քաղաքապետը՝ հավելելով, որ վճարման անկանխիկ մեթոդը բերում է մաքսիմալ թափանցիկության։