Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետը կարևորել է Հայաստան-Չինաստան բազմաշերտ համագործակցության զարգացումը և ընդգծել, որ դեսպանն իր գործունեությամբ նպաստել է երկկողմ հարաբերությունների հետևողական ընդլայնմանը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ կառավարությանը արդյունավետ համագործակցության համար՝ հավելելով, որ չինական կողմը շահագրգիռ է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացմամբ:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ առաջիկայում Հայաստանի և Չինաստանի միջև մեկնարկելու են ուղիղ ավիաթռիչքներ, որոնք խթան կհանդիսանան ինչպես տուրիզմի, այնպես էլ առևտրատնտեսական և գործարար կապերի ընդլայնման համար:
Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի և տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:
Վարչապետ Փաշինյանը Ֆան Յոնին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: