Հռոմի կանոնադրությունը վավերացրել ենք որպես մի լրացուցիչ գործոն՝ Հայաստանի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար. վարչապետ
Բրիտանական The Telegraph-ի միջազգային մեկնաբան Ռոլանդ Օլիֆանթը հարցազրույցի ընթացքում հարց է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հռոմի ստատուտին պաշտոնապես միանալու որոշման վերաբերյալ, հիշեցրել՝ Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել Ուկրաինայում կատարած ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար, ապա հետաքրքրվել՝ եթե Պուտինը ժամանի Երևան՝ նա կձերբակալվի՞:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը Հռոմի ստատուտին միանալու գործընթացը սկսել է 2022 թվականի դեկտեմբերին, և այդ որոշումը կախված է եղել մեր անվտանգային միջավայրի փոփոխությունների գնահատմամբ:
«Մենք Հռոմի կանոնադրությունը վավերացրել ենք, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի հետևանքները վերլուծելով և արձանագրելով, որ մեր անվտանգային համակարգում որոշակի ճեղքեր են առաջացել:
Այդ առումով, մենք նաև Հռոմի կանոնադրությունը վավերացրել ենք որպես մի լրացուցիչ գործոն՝ Հայաստանի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: Ես հասկանում եմ, որ ժամանակաշրջանը բարդ է եղել, հենց դրա համար էլ մենք այդ որոշումը կայացրել ենք: Այդ որոշումը ծառայում է Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով՝ Հայաստանը, որպես պատասխանատու պետություն, պետք է հավատարիմ մնա իր բոլոր միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ այն պարտավորություններին, որոնք ունի ՌԴ-ի հետ հարաբերություններում, այն պարտավորություններին, որոնք ունի միջազգային հանրության հետ հարաբերություններում:
Անդրադառնալով ՌԴ նախագահի հնարավոր ձերբակալության մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ 2018 թվականից հետո Հայաստանում շատ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ են սկսվել, և ինքը որոշումներ չի կայացնում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն:
«Հայաստանում իրավակարգ կա հաստատված, կան իրավական ինստիտուտներ, և բոլոր դեպքերում Հայաստանի իրավական ինստիտուտներն են կայացնում որոշումներ: Դրա համար մենք ունենք Դատախազություն, դրա համար մենք ունենք դատարաններ, դրա համար մենք ունենք Քննչական կոմիտե և այդպես շարունակ։ Շատ կարևոր է, որ նաև Արևելյան գործընկերության անդամ լինելով՝ Հայաստանի Հանրապետությունն առանձնանում է հատկապես անկախ դատական համակարգ ունենալու ինստիտուցիոնալ բարեփոխումների տրամաբանության մեջ։ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, Հայաստանի Հանրապետությունում վարչապետն ունի իր լիազորությունները։ Այդ լիազորությունների մեջ երբեք ոչ մի պայմաններում և որևէ պարագայում չի մտնում հարցի լուծումը` այս մարդուն պետք է ձերբակալել, թե պետք չէ ձերբակալել։ Բոլորը լուծվում են իրավական ընթացակարգերով»,- պարզաբանել է վարչապետը։
Լրագրողի ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ վարչապետը պարզապես զանգահարի Վլադիմիր Պուտինին և ասի, որ նա չգա, քանի որ կարող է ձերբակալվել, Փաշինյանը պատասխանել է, թե չի կարծում, որ Վլադիմիր Վլադիմիրին իր խորհուրդների կարիքն ունի։
Ինչ վերաբերում է Արևմուտքի հետ հարաբերություններին՝ ՀՀ վարչապետը նկատել է՝ մենք համագործակցում ենք Եվրամիության հետ, և Եվրամիության հետ մեր հարաբերությունները խորանում են։
«Իմիջիայլոց, ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր փաստի վրա, որ մեր տարածաշրջանում վերջին ամիսներին շատ էական իրադարձություն է տեղի ունեցել, և այդ էական իրադարձությունն անկախ վերաբերմունքից և քաղաքական գնահատականներից, որովհետև կարող է տարբեր լինել վերաբերմունքը և քաղաքական գնահատականը, բայց մեր անմիջական հարևան և բարեկամ Վրաստանը դարձել է Եվրամիության անդամության թեկնածու։
Ըստ էության, կարծում եմ, որ Հայաստանի համար շատ կարևոր և էական է դիրքավորվել այդ իրադարձության շուրջ։ Իհարկե, ես առիթ եմ ունեցել Վրաստանի իմ գործընկերոջը և Վրաստանին, Վրաստանի ժողովրդին շնորհավորել այդ կարևոր իրադարձության առիթով։
Կարծում եմ, որ դա մի իրադարձություն է, որ անխուսափելիորեն նաև ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի ընդհանուր պատկերի և մթնոլորտի վրա։ Հայաստանի Հանրապետությունը և մեր կառավարությունը պիտի դիրքավորվի այդ իրադարձության նկատմամբ։ Կարող եմ մի բան ասել, և թերևս իմ ասածից ակնհայտ է` եթե ես Վրաստանին և Վրաստանի կառավարությանն ու ժողովրդին շնորհավորել եմ այդ առիթով, ակնհայտ է, որ ես դա համարում եմ դրական իրադարձություն։ Հակառակ դեպքում՝ ի՞նչ իմաստ կունենար շնորհավորելը»,- խոսքը եզրափակել է վարչապետը։
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին