Մենք պատրաստվում ենք դիվերսիֆիկացնել անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները. ՀՀ վարչապետ
Մենք չենք ասել, որ ժխտում ենք և մերժում ենք Ռուսաստանի հետ համագործակցությունն ընդհանարապես և անվտանգության ոլորտում մասնավորապես: Մենք ասել ենք, որ պատրաստվում ենք դիվերսիֆիկացնել անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները: Այս մասին բրիտանական The Telegrap-ի լրագրող Ռոլանդ Օլիֆանթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք սա նշանակում է, որ մենք անվտանգային ոլորտում պատրաստվում ենք մեր հարաբերությունները խզել Ռուսաստանի հետ:
Ո՛չ, դա չի նշանակում, բայց դա նշանակում է, որ անվտանգության ոլորտում պատրաստվում ենք և պատրաստ ենք, և քննարկում ենք ու աշխատում հարաբերություններ հաստատել, օրինակ, Եվրամիության հետ, որն արդեն իրողություն է, մեծ հաշվով, Ֆրանսիայի հետ, որն արդեն իրողություն է, մեծ հաշվով, Միացյալ Նահանգների հետ, որն արդեն իրողություն է, մեծ հաշվով, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որն արդեն իրողություն է, մեծ հաշվով, Հնդկաստանի հետ, որն արդեն իրողություն է, մեծ հաշվով, և էլի բազմաթիվ երկրների հետ, որոնց հետ մենք քննարկում ենք:
Նույն Միացյալ նահանգների, կամ Ֆրանսիայի, կամ Հնդկաստանի, կամ Եվրամիության հետ անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները, բնականաբար, ուղղված չեն Ռուսաստանի դեմ: Դրանք պարզապես այն արձանագրման իրողությունն են, որ նախկինում մեր ունեցած անվտանգային հարաբերությունները չեն հասցեագրում մեր անվտանգային կարիքները»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի հետ կապված մեր օրակարգում այդպիսի հարց չունենք, այսինքն՝ մենք ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չենք քննարկել և չենք քննարկում:
«Մենք ՆԱՏՕ-ի հետ ունենք գործընկերային հարաբերություններ, և այդտեղ որևէ նորություն չկա: Նախկինում ունեինք Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր, հիմա վերաֆորմատավորվում է այդ ծրագիրը՝ կրկին համագործակցության որոշակի ձևաչափի, որը չի ենթադրում անդամակցություն:
Ես Ձեզ մի բան ասեմ նաև, որ մենք նախ այսօր առնվազն դե յուրե Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ ենք, և ես վստահ չեմ, որ մեծ հաշվով կամ ավելի ճիշտ Հայաստանում այդ թեմայով կան քննարկումներ, թե բլոկային ռազմավարությունն ինչքանով է համապատասխանում Հայաստանի շահերին՝ ընդհանարապես երկարաժամկետ կտրվածքով»,- նշել է վարչապետը:
Լրագրողի դիտարկմանը, թե վերոնշյալ երկրները լրջագույն աշխարհաքաղաքական առճակատման մեջ են Ռուսաստանի հետ, արդյո՞ք Հայաստանը պետք է ընտրություն կատարի։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ, և դա իրողություն է, սակայն ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի, կամ մեր մյուս գործընկերների հետ անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն ուղղված չէ անվտանգային ոլորտում մեր մյուս գործընկերոջ դեմ:
«Մենք փորձում ենք այդ հարցը կառավարել մեր գործընկերների հետ իրենց համատեղ օրակարգի մասով՝ լինելով մաքսիմալ թափանցիկ»,- պարզաբանել է վարչապետը:
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին