Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ճարտարապետությունն ու սկզբունքները համաձայնեցված են. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ճարտարապետությունն ու սկզբունքները համաձայնեցված են. Նիկոլ Փաշինյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական The Telegraph-ի միջազգային մեկնաբան Ռոլանդ Օլիֆանթին:
Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին՝ Օլիֆանթը հարց է ուղղել վարչապետին, նկատելով՝ արդեն 5 ամիս է, ինչ Ադրբեջանը լիակատար հսկողություն է սահմանել ԼՂ-ի նկատմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության և հակամարտությանը վերջ տալու իր պատրաստակամության մասին, սակայն դրանից հետո ոչինչ տեղի չի ունեցել: Ի վերջո, ինչու է ձգձգվում խաղաղության գործընթացը:
«Նախ՝ պետք է արձանագրել, որ միջազգային երեք ձևաչափերով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության սկզբունքները համաձայնեցված են: Առաջինը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ընթացքում: Մենք երկար քննարկումներից հետո ընդունել ենք համատեղ հայտարարությունը, որտեղ արձանագրվում է հետևյալ սկզբունքը՝ որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա: Ի՞նչ է սա նշանակում: Ալմա Աթայի հռչակագրով Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները դառնում են այլևս պետական սահման: Ալմա Աթայի հռչակագրով արձանագրվում է, որ այդ հանրապետությունները ընդունում են գոյություն ունեցող սահմանները»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով՝ կարևոր է արձանագրել, որ Պրահայում հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության նախագահի ներկայությամբ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են, որ միմյանց ամբողջականությունը ճանաչում են Ալա Աթայի հռչակագրի հիման վրա: Երկրորդ կարևոր կետը, ըստ վարչապետի, այն է, որ Ալմա Աթայի հռչակագիրը պետք է դառնա հիմքը երկու երկրների միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման հիմքը: 
«Սա էլ շատ կարևոր սկզբունք է, ինչն այս համատեքստում նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ոչ թե սահման պետք է ստեղծվի, այլ Ալմա Աթայի հռչակագրով վերահաստատված սահմանները պետք է արտահայտվեն գետնի վրա, քարտեզների վրա։ Սա առաջին ֆունդամենտալ պայմանավորվածությունն է:
Դրանից հետո հոկտեմբերի 30-ին ստորագրվել է ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ եռակողմ հայտարարությունը, որտեղ Հայաստանը և Ադրբեջանը գրավոր հայտարարությամբ ընդունել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը, հայտարարում են, որ հրաժարվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից և բոլոր հարցերը կլուծեն բանակցային ճանապարհով: Այս պայմանավորվածությունն է հիմք դարձել երրորդ սկզբունքի ֆունդամենտալ ձևավորման և ձևակերպման, որը նշանակում է, որ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումը տեղի կունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգման շրջանակում: Ըստ էության՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ճարտարապետությունը և սկզբունքները համաձայնեցված են։
Նախորդ տարեվերջին, թվում էր, թե մենք մոտ ենք պայմանագրի վերջնական տեքստի համաձայնեցմանը, բայց սկզբից Ադրբեջանը երեք անգամ հրաժարվեց մասնակցել բանակցություններին, որից հետո նշանակվեցին նախագահական ընտրություններ։ Ըստ էության՝ այս կետի վրա ենք: Ենթադրում եմ, որ նախագահական ընտրություններից հետո այս կետերի շուրջ հասնել իմպլեմենտացիայի, եթե քաղաքական կամք լինի: Հայաստանի կառավարությունը ունի այդ քաղաքական կամքը՝ գնալու մեր տարածաշրջանում խաղաղության և խաղաղության պայմանագրի ստորգրման՝ վերը նշված պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է վարչապետը:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին