Ճանաչողական այց «Ջավախք» հայրենակցական- բարեգործական հ/կ-ի գրասենյակ

Ճանաչողական այց «Ջավախք» հայրենակցական- բարեգործական հ/կ-ի գրասենյակ

Սեպտեմբերի 11-ին «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հ/կ-ի գրասենյակ ճանաչողական այց ունեցան Երևանում գտնվող Վրաստանի Քվեմո-Քարթլի նահանգի Շուլավեր գյուղի մի խումբ հայ ուսանողներ և աշակերտներ, նրանց ուղեկցում էին «Կանանց միջմշակութային երկխոսություն» հ/կ ղեկավար Մարինա Ցիկարիշվիլին:
Ընդունելութունը կազմակերպել էր «Ջավախք» ՀԲՀԿ ծրագրերի համակարգող Մարինե Այվազյանը: Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրեցին իրենց կողմից պատրաստված գեղեցիկ ձեռագործ աշխատանքները: Իր հերթին մանկավարժական գիտությունների թեկնածու Նարինե Սիրականյանը հյուրերին ներկայացրեց անցյալ տարի Ջավախքում կազմակերված ամառային ճամբարի մասնակից երեխաների ձեռագործ աշխատանքները: Տեղի ունեցած ջերմ զրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը  երիտասարդներին հորդորեց լավ սովորել Վրաստանի պետական լեզուն, լինել Վրաստանի արժանապատիվ քաղաքացիներ և նպաստել հայ-վրացական բարեկամության ամրապնդմանը:
Երիտասարդներն էլ պատմեցին իրենց առօրյայի և խնդիրների մասին, որոնք հիմնականում կապված են ադրբեջանցիների հետ: Շիրակ Թորիսյանն էլ հորդորել է գտնել արժանապատիվ համակեցության կանոններ և բարեկամ Վրաստանը չդարձնել ազգամիջյան բախումների թատերաբեմ:
Իրականացվեց նաև իրազեկման ակցիա: Այս տարի«Ջավախք» հայրենակցական-բարեգործական հ/կ-ի կողմից նախաձեռնված և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից աջակցվող «Տոները և ծեսերը Ջավախքում» ծրագրի ղեկավար, Նարինե Սիրականյանը հյուրերին ներկայացրեց ծրագրի մանրամասերը և կատարված աշխատանքը: Հանդիպմանը ներկա էին նաև ծրագրի մի քանի կամավորներ: