Դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ցանկացած ծրագիր. Freedom House
		12.09.2023 . Տարածաշրջան


Ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող ռազմական լարվածության և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացման՝ Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիցը հանդես է եկել հայտարարությամբ:

«Մենք խորապես մտահոգված ենք այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն զինտեխնիկա են կուտակում Հայաստանի հետ սահմանի երկայնքով։ Մենք դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ցանկացած ծրագիր և կոչ ենք անում միջնորդներին աշխատել Հայաստանի սահմանների հետագա ցանկացած խախտում կանխելու ուղղությամբ:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հղի է տարածաշրջանի հայ բնակչության էթնիկ զտմամբ և խորացնում է Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ անկեղծորեն ներգրավվել խաղաղ բանակցություններին, զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը նրանց դեմ իբրև զենք կիրառելուց և անվերապահորեն վերացնել շրջափակումը՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմ անարգել տեղաշարժը երաշխավորելու համար:

Կոչ ենք անում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին՝ նշանակել հատուկ զեկուցող՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների իրավիճակը գնահատելու համար»,- նշված է հայտարարության մեջ: