Ես ճնշվողի նմա՞ն եմ, կարող եմ միայն ճնշել. Շիրակ Թորոսյանը՝ Արմեն Աշոտյանին
Armtimes.com-«Հայկական ժամանակ»-ն այսօր հրապարակել է պատգամավորների ցանկ, ովքեր համաձայն են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի դեկտեմբերին անցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ: Ի դեպ, նրանց մի մասը ՀՀԿ խմբակցության պատգամավորներ են, որոնք մայիսի 8-ից չեն համագործակցում ՀՀԿ-ի հետ: ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այդ պատգամավորների վրա ճնշումներ են եղել, ինչն էլ հանդիսացել է պատճառ, որպեսզի նրանք կողմ լինեն այդ տեսակետին:
Թեմայի շուրջ ՀԺ-ն զրուցեց Շիրակ Թորոսյանի հետ: Նա եւս ստորագրել է այդ փաստաթղթի ներքո:
– Պարոն Թորոսյան, Արմեն Աշոտյանը վստահ է, որ պատգամավորների վրա ճնշում է եղել, ինչի պատճառով էլ ստորագրել եք դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալու հայտարարության տակ: Ճի՞շտ է, ճնշու՞մ եղել է:
– Հարցրեք նրանց, ովքեր նոր են միացել, ես մայիսից արդեն միացել եմ համաժողովրդական շարժմանը: Նիկոլ Փաշինյանի առաջարկած ընտրությունների ժամկետը ինձ համար ընդունելի է:
– Իսկ այդ ստորագրահավաքն ու՞մ նախաձեռնությունն էր:
– Ստորագրությունները եղել են երեկ: Ես մայիսի 8-ից սկսած Նիկոլ Փաշինյանի գործողությունների գաղափարակիցն եմ եղել եւ իմանալով այդ մասին գնացել ու ստորագրել եմ:
– Ձեզ ո՞վ է ասել:
– Լսել եմ ու գնացել, ստորագրել եմ:
– Որտե՞ղ էր դրված այդ թուղթը:
– Այնտեղ մի տեղ դրված էր, նախաձեռնողին չգիտեմ:
– Ինչո՞ւ եք գաղտնի պահում:
– Ինձ տղաներից մեկը զանգեց, ասեց: Ես տեղյակ չեմ, գաղտնի չեմ պահում:
– Ձեզ ճնշե՞լ են, որ այդ թուղթը ստորագրեք:
– Ես մայիսի 8-ից այդ ամենի մեջ եմ, ինձ ո՞նց կարող են հոկտեմբերին ճնշեն: Ես ճնշվողի նմա՞ն եմ, կարող եմ միայն ճնշել:
– Իսկ տեղեկություն կա ստորագրողներից որեւէ մեկին ճնշե՞լ են:
– Զանգեք մյուսներին հարցրեք՝ իրենց ճնշել են, թե՝ ոչ:
Նարեկ Կիրակոսյան