Վիճակը հասել է «կարմիր գծին». Բանակը զգուշացնում է
Հայաստանում վերջին օրերին երկու լուրջ սկանդալ է բռնկվել, որոնցից մեկը վերաբերվում է Արցախի տարածքների խնդրին, մյուսը՝ ռուսաց լեզվի տարածման ու հանրայնացման առանձին հայեցակարգի ընդունմանը:
Հայաստան-Սփյուռք համաժողովում ելույթից հետո ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը հարցուպատասխանի ժամանակ խոսել է Ադրբեջանի հետ Արցախի «անվտանգությանը չսպառնացող տարածքները վերադարձնելու» շուրջ բանակցելու մասին: Այս հայտարարությունն անմիջապես տարածեցին ռուսական ու ադրբեջանական ԶԼՄ-ները, թեեւ Հայաստանում այդպես էլ պաշտոնական հաստատում կամ հերքում չեղավ:Ուշագրավ է, որ Նալբանդյանի տեղակալը՝ Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով այդ հայտարարությունը, ասաց, որ ոչ ոք ոչ մեկին չի պատրաստվում տարածք վերադարձնել:
Իր հերթին, Նալբանդյանի արցախյան գործընկեր Կարեն Միրզոյանը հայտարարեց, որ ԼՂՀ տարածքներն ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությամբ, այսինքն՝ դանք քննարկման առարկա չեն:Երեկ Եռաբլուրում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը հակադարձեց Նալբանդյանին, ասելով, որ ինքը չգիտի այնպիսի տարածքներ, որոնք չեն վտանգում Արցախի անվտանգությունը. «Այսօր Արցախում ստեղծված է այնպիսի պաշտպանության համակարգ, որի խաթարման դեպքում Արցախի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ կլինի»։Հարցին, արդյոք բանակը կընդդիմանա՞ տարածքների հանձնմանը, Մովսես Հակոբյանը պատասխանեց, որ բանակը կատարելու է այն հրամանը, որը կորոշի քաղաքական ղեկավարությունը։ «Ավելին ասեմ, մեզ դեռևս նոր և ավելի լավ տարածքներ են պետք, որը կերաշխավորի Արցախի անվտանգությունը», ասել է Հակոբյանը։
Երեկ Ալիեւը ՄԱԿ-ի ամբիոնից խոստովանեց, որ տարածքների հարցն աշխարհին չի հետաքրքրում, միջազգային հանրությունն արդեն 22 տարի Հայաստանին չի ստիպում «կատարել ՄԱԿ-ի բանաձեւերը»: Ստացվում է՝ հողերի հանձնումը միայն Ալիեւի ցանկությունն է, եւ այս պայմաններում անհասկանալի է, թե ինչի շուրջ է բանակցում Հայաստանի «քաղաքական ղեկավարությունը»:Ավելորդ է ասել, որ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն արտահայտում է զինվորականության տեսակետը, եւ թեեւ հղում է անում «քաղաքական ղեկավարության հրամանին», այնուամենայնիվ՝ նույն այդ ղեկավարությանը փաստացի տեղյակ է պահվում բանակի տրամադրություններին:Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով ռուսաց լեզվի հայեցակարգի վերաբերյալ հարցին, հայտարարել է, թե ինքը նման հանձնարարություն չի տվել, թեեւ հայեցակարգի վերաբերյալ իրավական ակտում գրված է, որ այն մշակվել է վարչապետի հանձնարարականով:
Հայեցակարգի ընդունման անհրաժեշտության հիմնավորումը մեղմ ասած համոզիչ չէ, ավելին՝ այդ հիմնավորումներն ապացուցում են, որ առանձին հայեցակարգի անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է դպրոցներում բարելավել ռուսաց լեզվի դասավանդման որակը:Վարչապետի հայտարարությունը նոնսենս է, առավել եւս՝ պետական բարձրագույն պաշտոնյայի դեպքում: Եթե իսկապես ինքը չի հանձնարարել, ապա կարող էր օրինակ չեղարկել այն, եթե համաձայն չէ, կամ հրաժարական տալ, եթե ստիպում են:
Իսկ եթե համաձայն է այդ հայեցակարգին, ինչո՞ւ է հրաժարվում պատասխանատվությունից:Նման իրավիճակում, երբ չկան համոզիչ փաստարկներ ու հիմնավորումներ, հանրության շրջանում խորանում է համոզմունքը, որ հայկական իշխանությունը, տվյալ դեպքում Նալբանդյանն ու Կարեն Կարապետյանը, գործում է ոչ թե Հայաստանի, այլ երրորդ երկրի շահերի տիրույթում:Այս իրադարձությունները լուրջ դժգոհության պոտենցիալ են պարունակում, քանի որ ուղղված են հայկական պետականության, ինքնիշխանության ու ինքնության երկու հիմքերին՝ զինվորին ու լեզվին:
Իսկ եթե վիճակը հասել է դրան, նշանակում է իշխանության տոտալ անպատասխանատվության ու խնդիրներից հանուն սեփական անվտանգության փախչելու երկու տասնամյակի գործելակերպը հասել է գագաթնակետին: Թե ինչ է լինում դրանից հետո՝ դժվար չէ ենթադրել:Բանակն ու ժողովուրդը զգուշացնում են՝ «կարմիր գիծն» անցնելու դեպքում լինելու են անկանխատեսելի զարգացումներ:
ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ
lragir.am