Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը
		27.06.2022 . Արցախ


Ինչ նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում է ԼՂ կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ, ինչ է դա նշանակում, որ միջազգային գործընկերներն են դրա մասին խոսում: Այս հարցին անդրադառնալով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նշաձողի իջեցման մասին միջազգային գործընկերները նոր չէ, որ խոսել են:

«Ես մի քանի անգամ և դրվագներով ներկայացրել եմ համանախագահող երկրների առաջարկները. 2016 թ. համանախագահների ներկայացրած առաջարկները ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին ոչ այլ ինչ են, քան նշաձող իջեցնելու կոչ, որովհետև դրանով հենց այդ նշաձողի իջեցման տրամաբանությունն է դրված: Եթե պիտի հարցնեն` ովքեր են այդ կոչն արել, շատ ուղիղ կարող եմ պատասխանել` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները` 2016 թ. իրենց ներկայացրած առաջարկներով»,- ասաց նա:

ՀՀ Կառավարության ղեկավարը նշեց, որ այսօր բարդ իրավիճակ է, բայց էլի ուզում է արձանագրել՝ տպավորությունը, որ դա 2018 թվականից հետո ստեղծվեց, աբսուրդ է, հակառակում համոզվելու համար, ըստ վարչապետի, պետք է գալ 1993 թ.-ից հետո մինչև 2018 թվականը, բոլոր փաստաթղթերը կարդալ: