Հետևողական ենք լինելու, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները վերադառնան ՀՀ. Փաշինյան
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց գերիների վերադարձի ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ հարցին: Ադրբեջանում պահվող գերիներից մեկի քույրը մասնավորապես հարցրել էր Հին Թաղերից ու Խծաբերդից գերեվարվածների մասին, մասնավորապես` «ինչու էին նրանք հայտնվել այնտեղ, եթե այդ հողերը հանձնված էին»:
«Խծաբերդի գերիների հարազատներն ինձ հետ տասնյակ անձնական հանդիպումների ժամանակ բարձրացրել են խնդիր` ասելով, որ ինչու են զինվորները հայտնվել այնտեղ, եթե այդ տարածքները հանձնված էին: Բազմիցս պարզաբանել եմ, որ այդ տարածքները հանձնված չեն եղել, և այդ տարածքները դե յուրե պիտի լինեին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի և նրանց վերահսկողության ներքո, և եռակողմ հայտարարության հիման վրա զինված ուժերը մնացել են այն դիրքերում, որոնցում պետք է լինեին: Դուք հիշում եք, այն ժամանակ բազում քննարկումներ եղան, և խնդիրն այն է, որ այդ տարածքը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի էր: Գերեվարման հանգամանքների հետ կապված կա հարուցված քրեական գործ: Եթե չեմ սխալվում՝ հրամանատարին մեղադրանք է ներկայացված»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի քաղաքականությունը նպատակ ունի վարկաբեկել Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների գործունեությունը:
«Սա նաև շեշտում եմ մեր ռուս գործընկերների հետ հանդիպումների ընթացքում, որովհետև այսօր հաստատված գերեվարված անձանց 90 և ավել տոկոսը գերեվարվել է ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում: Մենք առաջին հերթին. և՛ ՌԴ-ն, և՛ ողջ միջազգային հանրությունը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք, որպեսզի մեր գերեվարված եղբայրների վերադարձն ապահովենք:
Մենք միջազգային հարթակներում և բոլոր աշխատանքային քննարկումներում շարունակում ենք այդ հարցը բարձրացնել: Այս հարցով մենք նաև դատական գործընթացներ ունենք միջազգային ատյաններում, հետևողական ենք լինելու, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները վերադառնան ՀՀ»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը շեշտեց նաև, որ Ադրբեջանը փորձում է հումանիտար հարցերը քաղաքականացնել:
Անդրադառնալով գերիների թվին` վարչապետը նշեց.
«Մենք տարբերակում ենք գերիների երկու խումբ` խումբ, որոնց վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունը և միջազգային կազմակերպությունները հաստատում են, որ այդ մարդիկ գտնվում են Ադրբեջանում: Այդպիսի անձանց թիվը 38 է: Մենք ունենք նաև երկրորդ ցուցակ, որը կազմել ենք հետևյալ տրամաբանությամբ` եթե որևէ վկայություն, տեղեկություն եղել է, որ նրանք գտնվում են գերության մեջ, այդ ցուցակում ընդգրկել ենք այդ անունները, որ հետագայում հաստատման ուղղությամբ միջոցներ ձեռնարկենք»: