Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը «կթիրախավորի Իսրայելի սիրտը», եթե նա գործի իրանցի ժողովրդի դեմ 18.04.2022 MEDIA ANALYTIC CENTRE Տարածաշրջան
Իրանի զինված ուժերը կթիրախավորեն Իսրայելի սիրտը, եթե նա «ամենափոքր քայլն» իսկ անի Իսլամական Հանրապետության դեմ։ Այս մասին այսօր կայացած զորահանդեսին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, գրում է Reuters-ը, որին վկայակոչում է swissinfo-ն։
«Մեր ռազմավարությունը պաշտպանությունն է և ոչ թե հարձակումը։ Իրանի բանակը շատ լավ օգտագործել է պատժամիջոցների հնարավորությունը՝ իրեն հզորացնելու համար, և մեր ռազմական արդյունաբերությունն այժմ գտնվում է լավագույն վիճակում»,- ասել է Իրանի նախագահը։
Նշենք, որ Միացյալ Նահանգներն և Իրանն ավելի քան մեկ տարի է՝ անուղղակի բանակցություններ են վարում միջուկային ծրագրին վերադառնալու համար, որը Վաշինգտոնը լքել էր 2018 թվականին և վերսկսել պատժամիջոցները Թեհրանի դեմ։
Իսրայելն էլ, որը հրաժարվում է ճանաչել Իսլամական Հանրապետությունը, ասում է, որ չի ընդունի Իրանը որպես «միջուկային զենքի շեմին գտնվող պետություն»:
Էմմա Չոբանյան