Կարնո աշխարհը իմ սկիզբն է

Ես Էրզրումցի Հովհաննեսի շարունակությունն եմ Վիկտոր Հովհաննիսյան անուն-ազգանունով:

Կես դար է, որ Երևանում եմ, բայց մնում եմ Կարին – Նորշեն – Ծղալթբիլա — Երևան ճանապարհն անցած անհատ: Իմ հայերեն խոսքը կառուցված է Կարնո բարբառի հիմքի վրա և արդյունքում` ճիշտ շարադասված հայերենն է: Բարբառները պահպանել է պետք, նրանք մեր հարստությունն են:

Իմ բարբառը իմ ակունքն է, այնտեղ փնտրում եմ իմ սկիզբն ու վերադառնում , որպես այդ սկզբի շարունակություն:

Հայաստանը դեռ չտեսած կարոտում էի նրան: Ախալցխայի Նորշենում ձևավորվում էր այն մանչուկը, որը հետո ամուր պիտի կապվեր Հայաստանին ու նույնիսկ ապրելով Հայաստանում, շարունակեր կարոտել նրան:

Ինչ մասնագիտություն էլ որ ընտրած լինեի (ռեժիսոր, երաժիշտ, գրող, դերասան, նկարիչ, որոնցից որոշակի չափաբաժիններով իմ մեջ կա) լինելու էի նույն մտածողությամբ ստեղծագործողը, տարբեր էր լինելու նյութը: Հաղթեց նկարիչը, որի համաի ուրախ եմ:

Դարձա բեմանկարիչ (աշխատել եմ հանրային հեռուստատեսությունում), գրաֆիկ, գրքի նկարազարդող, զվաղվում եմ կոլաժով: Սակայն իմ մեջ առավել է գեղանկարիչը:

Այս ցուցահանդեսը իմ երրորդ անհատականն է նկարիչների միության ցուցասրահում:

Ներկայացնում եմ գեղանկար, գրաֆիկա, կոլաժ:

Կերպարվեստը իմ տարերքն է, այն միայն մասնագիտություն չէ: Նկարելիս դառնում եմ հոգսերից ազատված ու երջանիկ մարդ: Օրվա ավարտը, եթե կիսատ է մնացել անելիքս, ցանկալի վիճակ չէ: Գիշերը անհանգիստ է անցնելու:

Ներշնչանքս բնությունն է, մարդը որակյալ երաժշտությունն ու իմ հոգեվիճակը: Եթե դրանք կան, պատրաստ եմ ընկղմվելու կտավի սպիտակ մաքրության մեջ ու կենդանացնելու այն:

Ունեմ թեմատիկ աշխատանքներ, որտեղ ազգի անցյալն է այսօրվա շեշտադությամբ: Անցյալից ազատվելու միակ ելքը, այն լուծելն է, իսկ լուծումը` կորցրածի վերադարձը: Արևմտյան Հայաստանը երբևիցէ մեզնից չի օտարվի հանուն լավ հարևանության: «Դարձ ի շրջանս յուր», «Գերված Արարատի լուսաբացը», «Անցյալը` ներկա», «Լռության պատարագ» կտավները, «Ընդհատված մեղեդի», փրկության, կորստի ու հավերժի աղոթք-կոլաժները և գրաֆիկական մի շարք գործեր նշված թեմայով են:

Երբ պատանեկան տարիքում մտածում էի մասնագիտություն ընտրելու մասին, նկարիչը վերջին տեղում էր, համոզված էի, որ իսկական նկարիչը ամենագետ ու բազմակողմանի օժտված անհատ պետք է լինի: Մեծացա ու ավելի համոզվեցի, որ դեռ պատանի` ճիշտ էի: Նկարիչը միայն պատկեր վերարտադրող չէ: Եթե քո ներքին էներգիան չի տեղափոխվել կտավ, իզուր է ներկածդ սպիտակությունը:

Տարիների փորձն ու որոշակի վարպետությունը հանգեցնում է մի որակի, որի ժամանակ ավելորդ մասերը չեն նկարվում և կտավի պարունակությունը սկսում է դառնալ մեկ ամբողջություն:

Սա նկարչությունն է:

Երկրորդ անգամ ծնվելիս, ես իհարկե կլինեմ դարձյալ նկարիչ, որպեսզի շարունակվեմ եղածիս հիմքով:

Զարմանալի կյանք, մինչև ինչ որ բան սովորում ես, գալիս է ավարտի ժամանակը: Իսկ սովորածդ, որ պիտի փոխանցվեր նորելուկին, անկախությունից հետո դա տեղի չունեցավ: Մեր շարունակությունը սկսեց հեծանիվ հորինելուց: Եղավ երկարատև պարապուրդ և հետընթաց: Սերտածը նորից սերտվեց: Ու շարունակվում է սրտվել:

Սխալներ են արվում ու ժամանակ վատնվում շտկման համար: Պետք չէ ջնջել եղածը, այն պահպանելով ապահովում ենք առաջընթացը: Այդպես է բոլոր բնագավառներում: Ունեցել ենք հարուստ մանրանկարչություն, երաժշտություն, ճարտարապետություն: Օգտվել է պետք այդ պաշարից ու առաջանալ: Այս դեպքում, լինելով ազգային, կլինես նաև համամարդկային:

Ազգային մտածողության հիմքը լեզուն է: Այն կբերի մյուս բոլոր բնագավառներում երևույթի ճիշտ ընկալմանը: «Բարի լույսը» չի կարող «Բարի առավոտով» փոխարինվել, ինչպես մեզ համառորեն հրամցնում են ռադիո և հեռուստաեթերները: Երբ բարի լույս եմ նկարում, դա այլ ուժ է: Հայերենում այս բառը խորիմաստ է և պետք չէ էժանացնել «բարի առավոտ» օտարից թարգմանված բառակապակցությամբ:

Բնանկարը իմ տարերքն է, իմ երաժշտական վիճակը: Նկարում եմ պահը, տրամադրությունը և ցանկանում այն փոխանցել դիտողին, պարգևել նրան հոգու հանգստություն ու հաճելի զգացողություն:

Ստեղծագործողի մոտ կա եռամիասնություն հասկացությունը: Երբ սիրտը ասում է, թե ինչ է ուզում, ուղեղը գիտե ինչ տեսքով պատկերել, իսկ ձեռքն էլ գիտե ինչպես իրագործել:

Եթե այս երեքը գործում են համատեղ, ուրեմն ինչ որ բան արդեն անում ես:  Արտադրանքդ կլինի սահուն, գունային ու գծային, հորինվածքդ համոզիչ, պարզ, բայց ոչ պարզունակ:

Գույնը, ինչպես և մեղեդին ունեն իրենց հերթականությունը, կեղծ վիճակը կամ աչք է ծակելու կամ ականջ է սղոցելու:

Ուսումնական հաստատությունում սովորում ես կանոնները, իսկ կյանքում կանոնի հիմքի վրա ձեռք ես բերում վարպետություն, մոռանում կանոնը և առաջ մղում զգացողությունը:

Սա գեր վիճակ է:

Ամենացանկալի:

Հաճելի և շատ եթերային:

Կարո՞ղ ես, օգտվիր այդ վիճակից ու արարիր:

Տեր կանգնիր քո արարմանը:

Վիկտոր Հովհաննիսյան

Գեղանկարիչ

Թատրոնի, կինոյի, հեռուստատեսության նկարիչ