Որոշ երկրներ հոգնածություն ունեն հակառուսական պատժամիջոցների հարցում. Կուլեբա
		01.04.2022 . Միջազգային


Որոշ երկրներ դժկամություն են ցուցաբերում նոր հակառուսական պատժամիջոցներ կիրառելու հարցում։ Լեհական TVN24 հեռուստաալիքի եթերում նման կարծիք է հայտնել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան։

Նա պարզաբանել է, որ մի շարք երկրներ հոգնել են Մոսկվայի վրա ազդեցության այս միջոցներից, ինչպես նաև չկա լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու պատրաստակամություն, որոնք կարող են հարվածել ռուսական տնտեսությանը։ Մասնավորապես, նա հիասթափություն է հայտնել Հունգարիայի իշխանությունների դիրքորոշումից, որն, ըստ դիվանագետի, հակասում է ոչ միայն Ուկրաինայի, այլև Կենտրոնական Եվրոպայի շահերին։

Կուլեբան բացատրել է, որ երբ Ռուսաստանը հատուկ գործողություն սկսեց Ուկրաինայում, Եվրամիությունը «արագ և եռանդուն» պատասխանեց՝ կիրառելով պատժամիջոցների փաթեթ։ Սակայն վերջին շրջանում որոշակիորեն դանդաղում է որոշումներ կայացնելու հարցում։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Արևմուտքից պահանջել էր ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, սակայն ոչ բոլոր պետություններն արձագանքեցին:

Ռուսական նավթից ու գազից հրաժարվելու Կիևի կոչը մերժել է Բուդապեշտը և թույլ չի տվել ուկրաինական կողմին զենք մատակարարել Հունգարիայի տարածքով։ Երկրի արտգործնախարարը հայտարարել է, որ կառավարությունը չի ցանկանում վտանգել հունգար ժողովրդի կյանքն ու անվտանգությունը և չի ցանկանում, որ քաղաքացիները «վճարեն պատերազմի համար»:

Սերբիան նույնպես չի աջակցել ռուսական գազի ու նավթի մերժմանը։ Նախագահ Ալեքսանդր Վուչիչն ասել է, որ նման որոշումը Եվրոպայի համար նման է «կրակել սեփական ոտքին»։ Բացի դրանից՝ նա հիշեցրել է, որ Մոսկվան Բելգրադի կողքին էր, երբ 2015 թվականին ցանկանում էին սերբերին ցեղասպան ժողովուրդ հռչակել, և Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո դրեց համապատասխան բանաձևի վրա։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նույնպես հաստատել է, որ Անկարան հրաժարվում է միանալ հակառուսական պատժամիջոցների ռեժիմին: Նա նաև անընդունելի է համարել Թուրքիայի միացումը Ռուսաստանից էներգառեսուրսների մատակարարման պատժամիջոցներին և հիշեցրել է համատեղ «Աքքույու» ատոմակայանի կառուցման մասին։