Ադրբեջանը կարողանում է արեւմուտքի ու Ռուսաստանի հետ նույն խաղը խաղալ. Էդուարդ Այվազյան

Կրեմլի հաղորդմամբ այսօր Պուտինն ու Ալիևը պատրաստվում են դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր ստորագրել։ ArmDaily.am-ի հետ զրույցում Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Էդուարդ Այվազյանն ասաց, որ այստեղ որևէ նորություն չկա, պարզապես փաստաթղթով կամրագրվի այն, ինչ կա։
«Իմ կարծիքով իրականում այստեղ ոչինչ նոր չկա՝ ուղղակի նրանք փաստաթղթով կամրագրեն այն, ինչ գոյություն է ունեցել։ 44 օրյա պատերազմի ընթացքում մենք բազմիցս ականատես եղանք, որ նույնիսկ պաշտոնական հայտարարությունների մակարդակով միշտ հավասարության նշան էր դրվում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Ուղղակի հետաքրքիրն այն է, թե ինչպես է կարողանում Ադրբեջանը արեւմուտքի ու Ռուսաստանի հետ նույն խաղը խաղում։ Օրինակի համար Ադրբեջանը մշտապես մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որոնք տեղի են ունենում Վրաստանում, իսկ Հայաստանը ոչ։ Ադրբեջանի նախագահը Եվրոպայում հանդիպեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, չնայած ռուսները հասկացնել էին տվել, որ կողմ չեն դրան։ Մոտ 10 օր առաջ Ալիեւը այցելեց Ուկրաինա եւ իր աջակցությունն հայտնեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Դրանից բացի Թուրքիայի հետ փոխադարձ օգնության պայմանագիր են կնքել եւ այսպես կոչված Շուշիի հռչակագիրը, իսկ հիշեցնեմ, Թուրքիան ՆԱՏՕ-ի թվաքանակով երկրորդ բանակն ունեցող երկիր է եւ լուրջ մասնակցություն է ունեցել 44 օրյա պատերազմում»,-նշեց Այվազյանը։
Քաղաքագետը հիշեցնում է, որ Եվրամիությունը նախատեսում է, որ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների պարագայում հենց ադրբեջանական գազն է գնալու դեպի Եվրոպա։
«Այստեղ եւս Ադրբեջանը գործելու է ընդդեմ ռուսական շահերի։ Եթե ամեն ինչ դիտենք այս փաստերի համատեքստում, ապա դժվար է հասկանալ Ռուսաստանի տրամաբանությունը։ Իմ կարծիքով՝ Ռուսաստանը դեռ հույսեր է փայփայում, որ Ադրբեջանը մի օր կդառնա ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի անդամ, իսկ Ադրբեջանը խաղում է Ռուսաստանի հետ, որպեսզի ՌԴ-ն պրոհայկական դիրքորոշում հանկարծ չընդունի։
Ինչ վերաբերում է Լուգանցկի եւ Դոնեցկի ՌԴ-ի կողմից ճանաչմանը, ապա դա միանշանակ դժվարին տնտեսական ու քաղաքական իրավիճակ է ստեղծում նախ ՌԴ-ի համար եւ հետո ՌԴ դաշնակիցների համար, որոնց թվում է նաեւ Հայաստանը։ Հայաստանի համար ավելի դժվարանալու է և-և-ի քաղաքականությունը շարունակել։ Թե ինչ կտա դա Արցախին՝ կապրենք կտեսնենք։ Իմ կարծիքով՝ մեծ հաշվով ոչինչ չի տա, եթե, իհարկե, Հայաստանի իշխանությունները հիմա չօգտվեն առիթից եւ չճանաչեն Արցախի անկախությունը։ Չէ՞ որ Պուտինը ինքն էր ասել, որ Հայաստանը մինեւ հիմա չի ճանաչել՝ ակնարկելով, որ իրենք ինչպես այլ կերպ վարվեին»,- ասաց Այվազյանը։
Քաղաքագետը շեշտում է, որ կարեւոր է հասկանալ մեկ բան, որ նախ ՌԴ-ն թույլ չի տա դա անել ու ՀՀ-ի իշխանությունները պետք է դա անելու համար կամք ունենան եւ երկրորդ դա կնշանակի, որ արեւմուտքի հետ Հայաստանը առճակատման է գնում։
Հայկա Ալոյան
Աղբյուր` ArmDaily.am