Ուկրաինայում ընդդիմության առաջնորդները բացառել են ընտրությունների անցկացումը պատերազմի ժամանակ

Ուկրաինայում ընդդիմության առաջնորդները բացառել են ընտրությունների անցկացումը պատերազմի ժամանակ


Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ  Թրամփի վստահված անձինք գաղտնի բանակցություններ են վարել Ուկրաինայի ընդդիմադիր քաղաքական գործիչներ Պյոտր Պորոշենկոյի և Յուլյա Տիմոշենկոյի թիմերի միջև՝ երկրում նախագահի ընտրությունը հնարավորինս շուտ անցկացնելու վերաբերյալ: Երկու քաղաքական գործիչներն էլ բացառել են նման քայլը։ «Մեր թիմը միշտ կտրականապես դեմ է եղել պատերազմի ընթացքում ընտրությունների անցկացմանը և շարունակում է հավատարիմ մնալ այս դիրքորոշմանը»,- ասել է Ուկրաինայի նախկին նախագահը։

Պյոտր Պորոշենկոն, որն Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2014-2019 թվականներին, ընդգծել է, որ ընտրությունը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե լինի զինադադար, և խաղաղ համաձայնագիր ստորագրվի Ուկրաինայի անվտանգության երաշխիքներով։

Իր հերթին Յուլյա Տիմոշենկոն, որը երկու անգամ եղել է Ուկրաինայի վարչապետ և գլխավորում է «Բատկիվշչինա» կուսակցությունը, ասել է, որ իր թիմը բանակցություններ է վարում «բոլոր դաշնակիցների հետ, որոնք կարող են հնարավորինս շուտ ապահովել արդար խաղաղություն»։ Մինչ այդ պահը, ընդգծել է նա, «Ուկրաինայում ընտրության անցկացումը բացառվում է»։

Ներկայումս Ուկրաինայում ընտրությունների անցկացումն արգելված է ռազմական դրության պատճառով։