Այսուհետ բնակչությանը չի հատկացվելու գյուղատնտեսական նշանակության վաուչերներ
Վրաստանում 2013 թվականին մշակված վաուչերային օգնության ծրագիրը գործեց չորս տարի: Պարարտանյութեր և հողամշակման համար այլ պարագաներ ձեռք բերելու համար գյուղացիներին անընդմեջ հատկացվող գումարը վաուչերների տեսքով այս տարվանից այլևս չի լինելու: Բնակիչներն այսուհետ չեն ստանալու գյուղատնտեսական նշանակության վաուչերներ, քանի որ այդ ծրագիրը մշակված էր չորս տարվա համար և այն շարունակություն չունեցավ պետության բյուջեի նվազման պատճառով:
Վերջին երկու տարիներին Նինոծմինդայի շրջանում տարեկան մոտ վեց հազար ընտանիք ստանում էր վաուչերներ, որը մեծ օգնություն էր հողագործությամբ զբաղվող գյուղացիների համար: Այդ նախաձեռնության շնորհիվ Նինոծմինդայի շրջանոում չորս տարվա ընթացքում մշակվել է 2000 հեկտար չմշակված հողատարածք՝ զարգացնելով տեղի գյուղատնտեսությունն ու հողագործությունը: 2013 թվականին, երբ սկսեց գործել այս ծրագիրը , մինչև հինգ հեկտար հողատարածք ունեցող գյուղացիներին տրվում էր 620 լարի գումար, իսկ ըստ 2014 թվականի Վրաստանի գյուղատնտեսության նախարարության կողմից ընդունած նախագծի վաուչերներ սկսեցին ստանալ սակավահող ֆերմերները՝ գարնանային վարի համար 1 հեկտար 25 ար–ի համար 180 լարի:
«Վաուչերային համակարգը առաջ եկավ, երբ պետության գլուխ կանգնեց այժմյան ղեկավարող իշխանությունը՝ Վրացական Երազանք կուսակցությունը: Վրաստանի այն բնակիչներն, ովքեր ունեին հողատարածքներ, կարող էին այդ վաուչերների միջոցով ստանալ հողամշակման համար նախատեսված պարարտանյութեր, դեղորայքներ և սերմնացուներ: Իսկ հիմա պետությունն ունի այլ նոր մշակված ծրագրեր՝ կապված արտասահմանից հատիկավորների, հատկապես, ցորենի սերմերի ներմուծման հետ»,- ասաց գյուղատնտեսական բաժնի պետ Համլետ Նանայանը: