Ծնունդով Ջավախքից երկու պատգամավորները ՀՀԿ-ի համամասնական ցուցակում են
Ջավախքցի պատգամավորներ Տաճատ Վարդապետյանն ու Շիրակ Թորոսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում են:
Իրենց՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և ՀՀԿ-ի համամասնական ցուցակում լինելու մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին պատգամավորները:
«Ես ՀՀԿ-ի համամասնական ցուցակում եմ, հորիզոնականի, այլ մանրամասների, այդ թվում նաև՝ առաջիկա անելիքների մասին կխոսեմ փետրվարի 16-ից հետո»,-ասաց Տաճատ Վարդապետյանը:
Շիրակ Թորոսյանը ևս խոստացավ անելիքներից խոսել ավելի ուշ. «Կարող եմ ասել, որ ընդգրկվել եմ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում»:
Tert.am-ի տեղեկություններով՝ պատգամավորներն անցողիկ հորիզոնականներում են:
Նշենք, որ Տաճատ Վարդապետյանը 2007-2012թթ. եղել է ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՀԿ-ից: 2012 թվականի հունիսի 22-ից ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է: «Հանրապետական» խմբակցության անդամ է, անկուսակցական:
Շիրակ Թորոսյանը 2007-2012թթ. Ազգային ժողովի պատգամավոր է եղել ՀՀԿ-ի համամասնական ընտրակարգով և այդ տարիների ընթացքում եղել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ ՀՀԿ-ից: