Վրաստանում օմիկրոն շտամի տարածումը անհնար է կանխարգելել, այն ավելի անվտանգ է. Էդուարդ Այվազյանը՝ QR կոդի պահանջի չեղարկման մասին

ArmDaily.am-ի զրուցակիցն է Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Էդուարդ Այվազյանը։
— Ինչո՞վ է պայմանավորված Վրաստանում QR կոդի պահանջի չեղարկումը։
— Հիմնական պատճառը օմիկրոն շտամի տարածումն է, որը Վրաստանում լրիվ անվերահսկելի է դարձել եւ ամեն օր մենք Վրաստանում նոր հակառեկորդ ենք գրանցում։ Կարծում եմ՝ Վրաստանի իշխանությունները ուսումնասիրեցին Դանիայի, Ավստրիայի եւ Մեծ Բրիտանիայի փորձը եւ հասկացան, որ օմիկրոն շտամի տարածումը անհնար է կանխարգելել ու բացի դրանից տվյալ շտամը շատ ավելի անվտանգ է, քան նախորդ շտամները եւ ինչպես այդ երկրներում մեղմացրին սահմանափակումները, նաեւ Վրաստանում։ Տեսեք, օրինակ, երբ ամռանը մեծ տարածում գտավ Դելտա տեսակի շտամը մենք ունեինք օրինակի համար 5-6 հազար օրական դեպք եւ այդ ժամանակ արագ հիվանդանոցներում ազատ տեղերը սպառվեցին, իսկ հիմա երբ օմիկրոնի պատճառով կա 24 000 նոր դեպք, մենք լսում ենք, որ երկրի մասշտաբով հիվանդանոցները ազատ են 40%-ով եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են ընդունել հիվանդներին։ Դրանից բացի՝ նոր օմիկրոն շտամի տարածման իրավիճակում կատարվածը արագ հասկացավ ռեստորանային եւ հյուրանոցային բիզնեսը եւ պահանջեց իշխանություններից չեղարկել կանաչ անձնագրերով մուտք գործելու սահմանափակում։ Սրանք են հիմնական պատճառները, որոնք ազդեցություն ունեցան իշխանությունների դիրքորոշման վրա QR կոդերի մասով։
— Վրաստանում կորոնավիրուսի վարկման դեպքերի աճ է նկատվում, ինչո՞վ են դա պայմանավորում։
— Վրաստանում, ինչպես եւ ամբողջ աշխարհում, այսօր նկատվում է Covid 19-ի օմիկրոն շտամի վարակվածության դեպքերի կտրուկ աճ։ Հիմնավոր կարծիք կա, որ շտամը մի քանի անգամ ավելի վարակիչ է քան դելտան եւ նույն ժամանակ շատ ավելի թեթեւ։ Մասնագետների խոսքով՝ 1.5% հիվանդացածների գնում է հիվանդանոց բուժվելու, այնինչ դելտայի պարագայում միայն մահացության տոկոսը շատ ավելի մեծ էր, քան այսօր հիվանդանոց գնացող հիվանդների թիվը։
— Ինչպիսի՞ն է իրավիճակը այս առումով Սամցխե-Ջավախքում։ Քանի՞ վարակվածության դեպք կա ու ի՞նչ միջոցներ են կիրառվում, արդյոք հիվանդանոցները, մասնավորապես Սամցխե-Ջավախքում, ունեն բավական հագեցվածություն՝ մարդկանց սպասարկելու կամ բուժման համար։
— Երեկ` փետրվարի 1-ին Սամցխե-Ջավախքում գրանցվել է Covid 19-ի 471 վարակվածության նոր դեպք, ինը նոր հակառեկորդ է նաեւ մեր տարածաշրջանի համար։ Ցավոք վերջին օրերին նաեւ գրանցվել է մահացության մի քանի դեպք։ Հիվանդանոցներում այս պահի դրությամբ չնայած վարակվածության կտրուկ աճի, գոյություն ունեն ազատ տեղեր, քանի, որ մարդիկ հիմնականում բուժվում են իրենց տներում։ Ցավով պետք է նշեմ, որ վստահությունը հիվանդանոցների նկատմամբ չափազանց ցածր է մեր հասարակության շրջանում ու այդ իսկ պատճառով նույնիսկ ծանր հիվանդները հաճախ չէ, որ դիմում են հիվանդանոցներին եւ միայն ծայրահեղ անհրաժեշտության պարագայում են դիմում հիվանդանոցներին։ Ահա նոր թվերը ստացա, այսօր Վրաստանում գրանցվել է +26320, որից 511 Սամցխե-Ջավախքում։
Հայկա Ալոյան
ArmDaily.am