Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությամբ ՌԴ-ն չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման բացառիկ իրավունք ձեռք բերել
Ռուսաստանը նպատակ չունի Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման բացառիկ իրավունք ձեռք բերել: Այս մասին, ըստ tass.ru-ի, ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որն արվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի առթիվ:
«Ռուսական կողմը չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման մենաշնորհի, թեպետ մեզ այդ երկրների և ժողովուրդների հետ կապում է երկար և սերտ բարեկամությունը, լայնածավալ գործընկերային հարաբերությունները բոլոր ազիմուտներում։
Մենք հանդես ենք գալիս միջազգային հանրության առկա ներուժի արդյունավետ օգտագործման օգտին՝ համարժեք հաշվի առնելով տարածաշրջանային փոփոխված իրողությունները»,-ասված է հայտարարության մեջ:
ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է վստահ հերքել սոցիալական ցանցերում և ինտերնետային ռեսուրսներում հաղորդումներն այն մասին, որ «Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված էին Լեռնային Ղարաբաղն անջատելուն, Ադրբեջանին հանձնելուն, Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն»: «Նմանօրինակ հայտարարությունները կրում են պոպուլիստական բնույթ, կատարում են ակնհայտ արտաքին պատվեր և իրականության հետ որևէ աղերս չունեն», — նշել է ՌԴ ԱԳՆ-ից։
Ինչպես նշում են նախարարությունում, Մոսկվայի նախաձեռնած բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները պարտադրված չեն եղել կողմերին, այլ հիմնվել են շահերի ստուգված հավասարակշռության վրա, որը նախատեսում է չափազանց հարգալից վերաբերմունք Բաքվի և Երևանի ինքնիշխանության և շահերի նկատմամբ։
«Մենք չկարողացանք համաձայնության գալ մեր մի շարք նախաձեռնությունների շուրջ, և դա նորմալ է: Բայց արդեն իսկ հաստատված համաձայնությունը, ինչպես ասում են, ձեռք է բերվել տառապանքով և արդյունավետորեն իրականացվում է գործնականում»,-ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում:
Հայտարարության մեջ նաև ասված է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի որոշման շուրջ բանակցությունների մեկնարկին՝ դրա հետագա սահմանազատման համար:
«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունում արձանագրվել է կարևոր դրույթ՝ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում։ Մենք կարծում ենք, որ խնդրի երկարաժամկետ լուծումը հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկն է` դրան հաջորդելիք սահմանագծմամբ։ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ խորհրդատվական օգնություն ցուցաբերել, կողմերի խնդրանքով տրամադրել անհրաժեշտ քարտեզագրական նյութեր, կիսել սահմանազատման իր հարուստ փորձը այլ երկրների հետ»,- նշել է ՌԴ գերատեսրությունը։
Ընդգծվել է, որ ռուս սահմանապահները ներկա են սահմանի ամենախնդրահարույց հատվածներում՝ կանխելու կոնֆլիկտային իրավիճակները և կարգավորելու միջադեպերը։ Շուրջօրյա ռեժիմով կազմակերպվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանային գերատեսչությունների կոնտակտային անձանց աշխատանքը՝ ակտուալ տեղեկատվության փոխադարձ փոխանակման նպատակով: Որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասում ընդհանուր իրավիճակի կարգավորմանն ուղղված համատեղ աշխատանքի առանցքային տարրերից մեկն է նշվել եռակողմ աշխատանքային խմբի (ԵԱԽ) աշխատանքը։
ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ Մոսկվան վճռական է շարունակելու եռանդուն աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) գծով։ «Վստահ ենք, որ այս ընդհանուր ճանաչված ձևաչափի դեռ սպառված չէ: Դրա մասին է վկայում 2020 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջին հանդիպումը՝ ՄԽ համանախագահների հովանու ներքո՝ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում: Հանդիպման օրակարգում հումանիտար և սոցիալ-տնտեսական հրատապ հարցեր էին։ Համանախագահների ծրագրերի մեջ են մտնում այցելությունը տարածաշրջան և շփումների շարունակում «3+2» ձևաչափով»,-ասվում է հայտարարության մեջ։