Ղազախստանը «Թալիբան» շարժումը հանել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից
Ղազախստանը հանել է «Թալիբան» շարժումն արգելված կազմակերպությունների ցուցակից, հայտարարել է Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը։
«Ղազախստանը պարբերաբար ստուգում է հանրապետությունում արգելված ահաբեկչական կազմակերպությունների ազգային ցուցակը՝ այն թարմացնելու նպատակով։ Այս գործընթացի շրջանակում որոշում է ընդունվել հետևել ՄԱԿ-ի պրակտիկային և «Թալիբան» շարժումը հանել ցուցակից։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն, որոնք պարտադիր են կատարման համար, «Թալիբան» շարժումը ներառված չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների ցուցակում»,- ասել է Սմադիյարովը։
Քաղաքական շփումների վերաբերյալ նա ընդգծել է, որ «Ղազախստանը կշարունակի խստորեն պահպանել Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած որոշումներն ու բանաձևերը»։