Ուկրաինայի վրա զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինայի վրա զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ



Գիշերը Ուկրաինան ենթարկվել է զանգվածային հրթիռակոծության: Հանրապետության զինված ուժերի նախնական տվյալով՝ Ռուսաստանը մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինայի դեմ օգտագործել է ընդհանուր առմամբ 158 հրթիռ և անօդաչու թռչող սարք։ Ուկրաինացի զինվորականներին հաջողվել է խոցել 27 անօդաչու թռչող սարք և 87 թևավոր հրթիռ։ Հարձակման հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 15 մարդ, վիրավորվել 75-ը: Տուժել է Ուկրաինայի մի քանի քաղաք, այդ թվում՝ Կիևը, Լվովը, Խարկովը, Օդեսան, Չերկասին։
Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի խոսքով՝ դեկտեմբերի 29-ի գիշերը Ռուսաստանն «ավանդաբար» հարձակվել է «Շահեդներով» հյուսիսային և հարավարևելյան ուղղություններից՝ արձակելով 36 գրոհային անօդաչու թռչող սարք։
Տեղական ժամանակով ժամը 3:00-ի սահմանում Ռուսաստանն օդ է բարձրացրել ռազմավարական 18 Ինքնաթիռ։ Առավոտյան ժամը 6-ին Տու-95МС-ն արձակել է առնվազն 90 Х-101/Х-555/Х-55 օդային թևավոր հրթիռներ։ Կուրսկի մարզից Ռուսաստանն առավոտյան ժամը 5:00-ի սահմանում հարձակվել է Տու-22М3 հեռահար ռմբակոծիչներով: Նրանք արձակել են ութ Х-22/Х-32 թևավոր հրթիռ Ուկրաինայի հյուսիսային և կենտրոնական շրջանների ուղղությամբ:
Ռուսաստանը Խարկովը խոցել է С-300 զենիթահրթիռային համալիրներով, Ղրիմից, Կուրսկի և Բելգորոդի շրջաններից արձակել է առնվազն 14 հրթիռ:
Առավոտյան ժամը 06:30-ին Ուկրաինայի զինված ուժերը արձանագրել են ՄիԳ-31К հինգ կործանիչի թռիչք, որոնք Աստրախանի շրջանից հինգ «Կինժալ» հրթիռ են արձակել։ Ռուսաստանը Սու-35 կործանիչներից արձակել է նաև 4 հակառադարային հրթիռ։
ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովն արձագանքել է Ուկրաինայի տարածքին ուղղված զանգվածային հարվածներին:

«Ռուսաստանի զինված ուժերը հարվածում է միայն Ուկրաինայի քաղաքների ռազմական օբյեկտներին»,- ասել է պատգամավորը։