Դուք ընդամենը ուզում եք գերիների առկայությունը Ադրբեջանում վերածել քաղաքական կապիտալի. Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին

Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, ես կարծում եմ՝ դուք լիակատար թքած ունեք գերիների ճակատագրերի վրա: Դուք ընդամենը ուզում եք գերիների առկայությունը Ադրբեջանում վերածել քաղաքական կապիտալի: Այս մասին խորհրդարանի ամբիոնից իր արտահերթ ելույթում ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

«Հենց հիմա դուք դա եք փորձում անել: Դե, դա արդեն ձեր սուբյեկտիվ ընկալումն է, և ես սա ցավով եմ ասում»,- ասաց Ռուբինյանը:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանի մեղադրանքներին, թե Հայաստանի դիրքորոշումը հստակ չէ գերիների առումով, Ռուբինյանը հակադարձեց:

«Պարո՛ն Ռուստամյան, ինչը հստակ չէ: Լո՞ւրջ եք ասում: Այսինքն՝ ինչ-որ մեկն այստեղ կասկածո՞ւմ է, որ Հայաստանի կառավարությունն ուզում է, որ գերիները վերադառնան, թե՞ չի ուզում: Բոլոր մեր դիվանագիտական ներկայացուցչությունները իրենց բոլոր հայտարարություններում, իրենց բոլոր գործողություններում նշում են հայ ռազմագերիների, բոլոր պահվող անձանց Հայաստան վերադարձի անհրաժեշտությունը: Ի՞նչը հստակ չէ: Կամ որ պարոն Խաչատրյանն (Արթուր Խաչատրյան – խմբ.) ասում է՝ մենք լռում ենք»,- դիմելով ընդդիմադիր գործընկերներին՝ նշեց ԱԺ նախագահի տեղակալը:

Դիմելով Արմեն Ռուստամյանին՝ Ռուբինյանը հիշեցրեց՝ երբ Հռոմում էին, ԵԽԽՎ-ում բանաձևերից  մեկում ընդգրկվել է կետ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի մասին, ապա հարց ուղղեց՝ արդյոք կետն «իր լռությա՞ն, թե՞ չլռության արդյունքում է մտցվել»:

«2020 թվականից այս կողմ հարյուրավոր գերիներ են վերադարձել տարբեր փուլերում: Այդ փուլերից առաջ Ազգային ժողովը հայտարարությո՞ւն էր ընդունում, որ գերիները վերադառնում էին: Էլ թեմա չի մնացել, որոշել եք կապիտալիզացնել գերիների առկայության հարցը քաղաքական նպատակներով, ու այս լսումը հրավիրել եք»,- ընդգծեց Ռուբինյանը՝ հավելելով, որ իրականում ռազմագերիներն ու պահվող անձինք կվերադառնան հայրենիք թե ոչ՝ կախված է ոչ թե այս նիստից կամ ընդունելիք կամ չընդունելիք հայտարարությունից, այլ Հայաստանի դիվանագիտական աշխատանքից:

Ռուբինյանը ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ տվեց մասնակցել միջխորհրդարանական հանձնաժողովների նիստերին, ԱԺ պատվիրակությունների այցերին ու ակտիվորել լծվել խորհրդարանական դիվանագիտական աշխատանքին:

Հիշեցնենք՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով խորհրդարանում անցկացվում է «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկում: