Ադրբեջանը պատրաստվում է Իսրայելից 1.2 մլրդ դոլարի զենք գնել. Defence Industry
Եվրամիությունը դիտարկում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք կուսումնասիրենք Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելու հնարավորությունը և Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման տարբերակը»,-ասել է Ժոզեպ Բորելը։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև նշել է, որ ԵՄ-ն զգուշացնում է Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ցանկացած խախտում անընդունելի է և կհանգեցնի «ծանր հետևանքների»։
«Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանն ապակայունացնելու ցանկացած փորձի նկատմամբ՝ թե ներքին, թե արտաքին։ Եվ մեր ահազանգն Ադրբեջանին հստակ է. Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և կհանգեցնի մեր հարաբերությունների համար ծանր հետևանքների»,- ասել է նա։
«Կոչ ենք անում վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, որոնք մեկնարկել էին ԵՄ խորհրդի նախագահի հովանու ներքո: Ցանկանում ենք տեսնել կնքված խաղաղության պայմանագիր, և կշարունակենք մեր միջնորդական ջանքերը»,- ասել է Բորելը:
Նա նաև տեղեկացրել է, որ խորհուրդը որոշել է հաջորդ հանդիպմանը հրավիրել նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Բարձր ներկայացուցիչը նաև նշել է, որ ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը որոշել է ուժեղացնել ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ տարածքում:
«Մենք նաև հաստատեցինք մեր հանձնառությունը՝ շարունակել աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին, դիմակայանությանը և ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը»,- հավելել է Բորելը:
Միջազգային և տարածաշրջանային այլ նորություններ՝ Մերի Ներսիսյանի տեսաշարում: