Ադրբեջանը պետք է երաշխավորի ԼՂ էթնիկ հայերի իրավունքների պաշտպանությունը. ՄԱԿ-ի արտադատական պատիժների հարցով հատուկ զեկուցող
ՄԱԿ-ի արտադատական պատիժների հարցով հատուկ զեկուցող Մորիս Թիդբոլ-Բինզն ընդգծում է, որ Ադրբեջանը պետք է նաև օպերատիվ և անկախ հետաքննի կյանքի իրավունքի ենթադրյալ խախտումները, որոնց մասին հաղորդվում է ԼՂ-ում ռազմական վերջին հարձակման համատեքստում:
«Ադրբեջանը պետք է երաշխավորի ԼՂ էթնիկ հայերի իրավունքների պաշտպանությունը և ապահովի, որ խաղաղ բնակիչների, ձերբակալվածների կամ վերջին ռազմական գործողությունների ընթացքում «անգործունակ» դարձած անձանց կյանքերը պահպանվեն և պաշտպանվեն` միջազգային պարտավորությունների համապատասխան»,- ասել է նա:
Հատուկ զեկուցողն ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է նաև օպերատիվ և անաչառ կերպով հետաքննի կյանքի իրավունքի ենթադրյալ խախտումները, որոնց մասին հաղորդվում էր ԼՂ-ում վերջին ռազմական հարձակման համատեքստում, և որի ընթացքում մի քանի տասնյակ մարդիկ սպանվեցին, այդ թվում` խաղաղապահներ: Նրա խոսքով` հետաքննությունները պետք է անցկացվեն միջազգային ստանդարտներին համապատասխան:
«Ես հաստատում եմ իշխանություններին տեխնիկական աջակցություն տրամադրելու իմ պատրաստակամությունը` հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների վերաբերյալ իրենց պարտավորություններն ապահովելու հարցում»,- ասել է հատուկ զեկուցողը: