ՄԱԿ-ում Գանայի ներկայացուցիչը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը
ՄԱԿ-ում Գանայի ներկայացուցիչ Կարոլին Աբենա Ամինա Օպոնգ-Նտրիրին հույս է հայտնել, որ Անվտանգության խորհրդի քննարկումները կօգնեն Հայաստանին և Ադրբեջանին ամրապնդելու վաղուց սկսված այս հակամարտության կայուն և տևական լուծումը:
«Գործողությունը, որ Ադրբեջանն իրականացրել երկու օր առաջ՝ սեպտեմբերի 19-ին, և զոհերի առկայությունը, հիշեցնում է մեզ տարածաշրջանում փխրուն խաղաղության և ողբերգական պոռթկումների ռիսկի մասին, ինչին նախկինում երկու անգամ ականատես ենք եղել: Այս հնարավորությունն օգտագործելով, մեր խորին ցավակցություն ենք հայտնում զոհված քաղաքացիական անձանց և ռուս խաղաղապահների ընտանիքներին: Նրանք զոհվեցին առանց որևէ անհրաժեշտության»:
Գանայի ներկայացուցչի խոսքով՝ իր երկիրը միանում է Խորհրդում արված բոլոր կոչերին՝ անմիջապես դադարեցնելու ռազմական գործողությունները: Մայրցամաքն ու աշխարհը չեն կարող թույլ տալ լարվածության սրացում Լեռնային Ղարաբաղում համաշխարհային անվտանգության և քաղաքական լարվածության այս պայմաններում:
«Մենք բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ բոլոր գործողություններից, որոնք անվստահություն են առաջացնում և գնալ բարեխիղճ երկխոսության ճանապարհով: Ցանկանում ենք նաև ընդգծել, որ քանի դեռ իշխանությունները շարունակում են ապագայի վերաբերյալ քննարկումները, զարգացումները չպետք է հրադադարի խախտման հանգեցնեն, և չպետք է խափանվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ կարգավորման ջանքերը, այդ թվում՝ սահմանազատումն ու սահմանագծումը»:
Գանայի ներկայացուցիչը կոչ է արել ապահովել մարդասիրական օգնության հասանելիությունը, մարդկանց ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և այլ ճանապարհներով: Մենք վերահաստատում ենք, որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան պետք է պահպանվեն և պաշտպանվեն Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչների ազատություններն ու իրավունքները, անկախ էթնիկ ծագումից և այլ խտրականության գործոնից: