Մակրոնը՝ Ուկրաինայի հարցի քննարկումը G20-ի առաջնահերթություն չհամարելու մասին

Մակրոնը՝ Ուկրաինայի հարցի քննարկումը G20-ի առաջնահերթություն չհամարելու մասին



G20-ի հիմնական նպատակը տնտեսական հարցերի և գլոբալ մարտահրավերների քննարկումն է, ուստի Դելիում կայացած գագաթնաժողովում ուկրաինական հակամարտության թեման առաջնահերթություն չդարձավ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Գլխավոր խնդիրն է քննարկել տնտեսական հարցերը, գլոբալ խնդիրները»,- ասել է նա Դելիում կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք նա գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեն արևմտյան երկրների պարտություն չի համարում, որում Ուկրաինայի մասին բավական չեզոք էր խոսվում:
Մակրոնը հայտարարել է, որ G20-ում ընդգրկված երկրները տարբեր հայացքներ ունեն բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի վերաբերյալ։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ խելամիտ չէր լինի արգելափակել գագաթնաժողովի հռչակագրի ընդունումն այն պատճառով, որ ուկրաինական հարցում կոնսենսուս չկա։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ «Ուկրաինական պարբերությունում խոսվում է ուկրաինական ճգնաժամի մասին, բայց դա միայն Ուկրաինային չի վերաբերում: Այնտեղ ուկրաինական ճգնաժամը հիշատակված է, բայց աշխարհում գոյություն ունեցող բոլոր հակամարտությունների կարգավորման անհրաժեշտության համատեքստում՝ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին համապատասխան»: