ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի. Նախարարների կոմիտեի հայտարարությունը
ԵՄ Նախարարների կոմիտեն հանդիպման ավարտից հետո տարածել է ԼՂ-ում հումանիտար իրավիճակին և Լաչինի միջանցքին վերաբերող հայտարարություն: Փաստաթղթում, մասնավորապես, ասված է.
«Եվրամիությունը մեծ մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի շարունակական սահմանափակումներին և Ղարաբաղի հայերի վրա դրանց մարդասիրական ու անվտանգային լուրջ հետևանքներին։
Լաչինի միջանցքով տեղաշարժը գրեթե 9 ամիս խաթարվել է, իսկ հունիսի 15-ից միջանցքը գրեթե ամբողջությամբ արգելափակվել է՝ բացառությամբ բժշկական անկանոն տարհանումների։ Արդյունքում բժշկական պարագաներն ու առաջին անհրաժեշտության ապրանքները խիստ պակասում են կամ արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ կունենա տեղի բնակչության համար:
ԵՄ-ն ափսոսանք է հայտնում, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը տարածաշրջանում խոչընդոտվել է, և կոչ է անում այն ամբողջությամբ ու արագ վերսկսել, ներառյալ՝ հումանիտար բեռների փոխադրումը:
ԵՄ-ն կրկնում է հուլիսի 26-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատարի կոչը՝ ապահովելու տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով և երաշխավորելու, որ ճգնաժամն ավելի չի սրվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի միջանկյալ միջոցների և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի որոշումների։
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարել Աղդամ քաղաքով։ ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների և Միջազգային դատարանի հրամանի:
ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող լարվածությանը իրենց միջազգային սահմանի երկայնքով, որտեղ գրեթե ամեն օր արձանագրվում են կրակոցների դեպքեր: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել հետագա միջադեպերից և վերսկսել երկխոսությունը։
Տեղում տիրող իրավիճակին հետևելու և զեկուցելու նպատակով Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) պարեկություն է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի հայկական կողմից։ Առաքելության նպատակն է նպաստել հակամարտությունների կարգավորմանը և վստահության ձևավորմանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև:
ԵՄ-ն կրկնում է զսպվածության և երկխոսության իր կոչերը՝ ուղղված ներգրավված բոլոր կողմերին: Շարունակական ջանքեր են անհրաժեշտ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության վերականգնման համար՝ տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն ապահովելու նպատակով՝ ի շահ տեղի քաղաքացիական բնակչության: Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսության արագ հաստատումը կարևոր է, մասնավորապես, տարածաշրջանում հումանիտար ճգնաժամի, ինչպես նաև Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ու այլ հարցերի առնչությամբ։
ԵՄ-ն նաև նշում է, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը պատրաստ է համագործակցել համապատասխան բոլոր կողմերի հետ՝ աջակցելու առկա մարդասիրական մարտահրավերների հաղթահարմանը:
ԵՄ-ն և, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ակտիվ աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
2023 թվականի հուլիսի 15-ին նախագահ Միշելը եռակողմ հանդիպում կազմակերպեց Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, որի ժամանակ երկու երկրի ղեկավարները վերահաստատեցին իրենց ամուր հավատարմությունը խաղաղ գործընթացին։ Նրանք հատկապես վերահաստատեցին իրենց լիակատար հարգանքը մյուս երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ու իրենց միանշանակ հավատարմությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին՝ որպես սահմանների սահմանազատման քաղաքական հիմքի: Սահմանի վերջնական սահմանազատումը պետք է համաձայնեցվի բանակցությունների միջոցով: Սահմանազատման հարցում հետագա էական առաջընթացը կարևոր գործոն է լարվածությունը նվազեցնելու, միջազգային սահմանին թյուրիմացություններից և միջադեպերից խուսափելու համար:
Բռնությունը, սպառնալիքները, կոշտ հռետորաբանությունը և ապատեղեկատվության տարածումը պետք է դադարեցվեն՝ խաղաղության և կարգավորման բանակցությունների համար նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով։ Նվիրվածությունը բարի կամքի երկխոսությանը մնում է նույնքան արդիական, ինչպես նախկինում:
Այն պահանջում է բոլոր կողմերի իրական հանձնառությունը՝ աշխատելու բանակցությունների արդյունքների ուղղությամբ: Հումանիտար հարցերը պետք է լուծվեն, իսկ վստահությունը վերականգնելու համար հրատապ քայլեր ձեռնարկվեն։
ԵՄ-ն լիովին հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելուն և Հարավային Կովկասում խաղաղության ու անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերին՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց: Մենք չպետք է կորցնենք խթանը, որը ձեռք է բերվել վերջին ամիսներին Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ հակամարտությունը կարգավորելու համար: Կարևոր է շարունակել բանակցությունները»,- ասված է հայտարարության մեջ։