Օպերատիվ իրավիճակը արևելյան ճակատում շարունակում է բարդ մնալ. Սիրսկի 06.09.2023 . Միջազգային
Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ալեքսանդր Սիրսկին չորեքշաբթի հայտարարել է, որ իրավիճակը երկրի արևելքում դարձյալ բարդ է, և գլխավոր խնդիրը հուսալի պաշտպանություն ապահովելն ու հենակետերի կորուստը կանխելն է, հայտնում է BBC-ն։
«Արևելյան ուղղություններում օպերատիվ իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Հակառակորդը չի հրաժարվում Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմաններին հասնելու իր ծրագրերից, համառորեն պատրաստվում է վրեժխնդիր լինել և իր ձեռքը վերցնել օպերատիվ նախաձեռնությունը»,- հայտնել է Ուկրաինայի ցամաքային զորքերի մամուլի ծառայությունը։
«Մեր հիմնական խնդիրն է ապահովել հուսալի պաշտպանություն, թույլ չտալ զբաղեցրած սահմանների և դիրքերի կորուստ Կուպյանսկի և Լիմանի ուղղություններում, ինչպես նաև հաջողությամբ առաջ շարժվել և հասնել որոշակի սահմանների Բախմուտի ուղղությամբ»,- ասել է գեներալը։
Սիրսկու խոսքով՝ Կուպյանսկի ուղղությամբ ռուսներն ավարտում են գրոհային ջոկատների պատրաստումը, Լիմանի ուղղությամբ շարունակվում է զորքերի փոխարինումը 25-րդ բանակի ստորաբաժանումներով, որոնք կազմավորվել և տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնության տարածքից։
Բախմուտի ուղղությամբ, ըստ Սիրսկու, կատաղի մարտերը շարունակվում են։