Վրաստանի համար կարևոր է, որ տարածաշրջանում եղած հակամարտությունները չտեղափոխվեն իր տարածք. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի համար կարևոր է, որ տարածաշրջանում եղած հակամարտությունները չտեղափոխվեն իր տարածք. Սալոմե Զուրաբիշվիլի

Tert.am-Կայունությունն ու խաղաղությունը պարտադիր նախապայման է, որ զարգանա երկու երկրի միջև տնտեսությունը, որ մենք խորացնենք տնտեսական համագործակցությունը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այսպես ասաց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Մեր տարածաշրջանում շատ մարտահրավերներ կան, և կարևոր է, որ իմանանք, որ այժմ խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, որ դրանց լուծումը պետք է հիմնված լինի միջազգային օրենքների վրա»,- ասաց նա: Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի համար կարևոր է, որ տարածաշրջանում եղած հակամարտությունները չտեղափոխվեն Վրաստանի տարածք:

«Մեզ համար շատ կարևոր է, որ հայկական ծագմամբ կամ ադրբեջանական ծագմամբ քաղաքացիները խաղաղ ապրեն մեր երկրում և լինեն ինտեգրված մեր երկրում»,- ասաց նա: Ըստ վրաց նախագահի՝ ինքը պարտավորություն ունի, որ ավելին անի Վրաստանում ապրող հայերի համար, որ կարողանան ինտեգրվել Վրաստանի մշակութային, կրթական կյանքում:

Նա նաև նշեց, որ իր կարծիքով՝ արդեն եկել է ժամանակը, որ Հայաստանն ու Վրաստանը լուծեն սահմանային հարցերը: «Պետք է աշխատենք այդ ուղղությամբ»,- ասաց նա: «Մենք ունենք մեծ ապագա, երկուսս էլ լավատես ենք: Մտադիր ենք մեր զրույցը շարունակել և չբավարարվել միայն հայտարարությամբ»,-ասաց վրաց նախագահը՝ նկատելով, որ ինքն ու ՀՀ նախագահն ունեն իրավունք և հնարավորություն իրենց խորհուրդներով ազդելու երկու երկրների ժողովուրդների և կառավարության միջև համագործակցության զարգացման վրա:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահը պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում է նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: