14 ժամ Շուշիի մոտ արգելափակված բեռնատարները վերջապես հասել են Արցախ 30.04.2023 . Արցախ
Արցախի շրջափակումը շարունակվում է երկու կետում՝ Հակարիի կամրջի մոտ ապրիլի 23-ին տեղադրված անցակետով և Շուշիի մոտ 2022թ-ի դեկտեմբերի 12-ից արգելափակված հատվածով, որտեղ, Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, երեկվանից Ադրբեջանի կառավարության քաղաքացիական հագուստով գործակալներին փոխարինել են ուժային մարմինների աշխատակիցներ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հումանիտար բեռ տեղափոխող ռուս խաղաղապահների մեքենաները 14 ժամ արգելափակված են մնացել Շուշիի մոտակայքում: Ու սա` այն դեպքում, երբ ադրբեջանցիները տեղյակ էին, որ բեռնատարներում միրգ, բանջարեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ են:
Լևոն Սարգսյան (Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ) — Խոչընդոտներ ստեղծեցին, որպեսզի խաղաղապահ ուժերի հումանիտար բեռը հասնի մեր պահեստները, և այս պարագայում դա ուղղակի կարելի է դիտարկել դիտավորյալ քայլ, քանի որ հասկանալի է` այն միրգ-բանջարեղենը, որ վաճառվում է շուկայում, եթե պահեն 10 և ավելի ժամ, բնական է՝ որակական խնդիրներ ենք ունենալու:
Հումանիտար բեռները պահեստ են հասել միայն այսօր առավոտյան: Բեռնաթափումից հետո սկսվել է մատակարարումը վաճառակետեր: Այսօր բաժանվել է Ստեփանակերտում, վաղը նախատեսվում է շրջաններում: Կտրոնային համակարգով ձեռք բերվող պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումն օրեր առաջ ամբողջությամբ ստանձնել է Արցախի կառավարությունը: Նախկինում մասնավորը հայաստանցի գործընկերներից գնում էր ապրանքը, այն տեղափոխվում էր Գորիս, այնուհետև խաղաղապահների միջոցով հասցնում Արցախ: Գործընթացին կառավարության միջամտության պատճառը, ըստ պետնախարարի, ապրանքների որակի բարձրացումն է:
Գուրգեն Ներսիսյան (Արցախի պետական նախարար) — Այս ընթացքում մենք փորձել ենք նաև հնարավորինս աջակցել տնտեսվարող սուբյեկտներին, չեմ ասում` մեծ շահույթներ ստանալ, բայց գոնե գոյությունը պահպանել: Այս ուղղությամբ բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկել, նույնիսկ հաճախ այս տնտեսվարող սուբյեկտների գոյությունը պահպանելուն ուղղված մեր քայլերի պատճառով կառավարությունը բազմակի անգամ քննադատության արժանացավ:
Տնտեսական որոշակի ակտիվություն ապահովելու և մասնավոր հատվածին աջակցելու նպատակով արդեն Արցախ հասած ապրանքների ներքին սպառման կազմակերպումը վերապահվել է ոլորտում փորձ ունեցող ընկերությունների:
Գուրգեն Ներսիսյան — Համոզված եմ՝ առաջիկայում, երբ այդ ապրանքները կտրվեն, կհանձնվեն իրացման շուկային, բոլորը կտեսնեն այդ ամենի տարբերությունը:
Ստեփանակերտի կենտրոնական շուկայում այսօր միրգ-բանջարեղենի համար հերթերը համեմատաբար քիչ էին: Ապրանքի առկայության պարագայում մրգի և բանջարեղենի վաճառքը շուկայում իրականացվում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որ հասանելի լինի նաև աշխատող քաղաքացիներին: