Վիրահայոց թեմը ևս մեկ եկեղեցու հարցով դիմել է դատարան. շինարարության թույլտվությունը կվնասի վթարված եկեղեցուն
Վիրահայոց թեմն ընդդեմ Թբիլիսիի քաղաքապետարանի հայց է ներկայացրել դատարան հայկական Սուրբ Նշան եկեղեցու մոտ քաղաքացուն շինարարություն իրականացնելու թույլտվություն տրամադրելու համար:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի մամուլի և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը:
«Եկեղեցին գտնվում է վթարային վիճակում: Մի քանի տարի առաջ եկեղեցու հարակից տարածքը վաճառվել է անհատի, ով մտադրված է երեք հարկանի շինություն կառուցել, որն անպայման վնաս կհասցնի առանց այդ էլ վթարային վիճակում գտնվող Սուրբ Նշան եկեղեցուն: Այդ պատճառով Վիրահայոց թեմը, ինչպես նաև այդտեղ բնակվող վրացազգի հարևանները, հայց են ներկայացրել Թբիլիսիի քաղաքապետարանի դեմ, թե ինչ իրավունքով մշակութային հուշարձան համարվող եկեղեցու հարակից տարածքում թույլտվություն է տրվում շինարարության իրականացման համար»,- ասաց Սուսաննա Խաչատրյանը:
Նա շեշտեց նաև, որ վրացական կողմը եկեղեցու հայկական լինելու փաստը համարում է վիճելի: Նրա խոսքով՝ բազմաթիվ փաստագրական նյութեր կան ինչպես ՀՀ-ի արխիվներում, այնպես էլ վրացական արխիվներում.
«Այդ արխիվային նյութերն ապացուցում են, որ եկեղեցին ի սկզբանե եղել է հայկական, և մենք որևէ վիճելի խնդիր չունենք: Վրացական կողմը քանի որ այն համարում է վիճելի, եկեղեցին չի տալիս իրավական սեփականատիրոջը՝ Վիրահայոց թեմին»:
Նշենք, որ Վիրահայոց թեմը Թբիլիսիի քաղաքային դատարան է դիմել նաև Թանդոյանց եկեղեցին նախկին կարգավիճակին վերադարձնելու պահանջով:
Վիրահայոց թեմը պնդում է, որ Թբիլիսիի Թանդոյանց եկեղեցին կեղծ փաստաթղթի հիման վրա փոխանցվել է վրաց պատրիարքարանին: Այժմ Թեմը պահանջում է, որ կա՛մ եկեղեցին վերադարձվի Վիրահայոց թեմին որպես իր պատմական ժառանգություն, կա՛մ նորից եկեղեցին որպես պետության սեփականություն վերադարձվի Էկոնոմիկայի նախարարությանը:
Հիշեցնենք, որ Վրաց պատրիարքարանը վիճահարույց է համարում հետևյալ հայկական եկեղեցիների հայկական լինելու փաստը. Թբիլիսիի Նորաշեն Սբ. Աստվածածին եկեղեցին, Թբիլիսիի Սբ. Նշան եկեղեցին, Թբիլիսիի Մուղնեցոց Սբ. Գևորգ, Թբիլիսիի Երևանցոց Սբ. Մինաս, Թբիլիսիի Շամխորեցոց Կարմիր Ավետարան, Թանդոյանց եկեղեցիները և Ախալցիխեի Սբ. Նշան եկեղեցին:
Tert.am