Նոր իրողություններ՝ 100 օրվանից հետո

Նոր իրողություններ՝ 100 օրվանից հետո

Օգոստոսի 17-ին Հայաստանում եւ Հայաստանից դուրս ի մի բերվեցին երկրի նոր կառավարության գործունեության առաջին 100 օրվա արդյունքները, ինչպես նաեւ՝ նախանշվեցին հետագա անելիքները, խոսեցին սպասելիքների մասին։ Սա ոչ միայն եւ ոչ այնքան հաշվետվություն էր, որքան քաղաքական ակցիա, որը ցույց է տալիս. Նիկոլ Փաշինյանը եւ իր կառավարությունը ունեն աննախադեպ լեգիտիմություն։

Սակայն, ակնհայտ դարձավ, որ անելիքների գրեթե բոլոր հիմնական ուղղություններով նոր կառավարությունը բախվել է «հների» լուրջ դիմադրության փորձին։ Համենայն դեպս, դրա մասին է վկայում այն, թե ինչ կոշտ բառապաշարով խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իրավիճակը նկարագրելով եւ իրավիճակից ելքեր առաջարկելով, ինչպես նաեւ՝ դրան հաջորդած ոչ պակաս կոշտ արձագանքները նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից։ Ակնհայտ է նաեւ, որ Փաշինյանի ընդդիմախոսները ներկայումս մտադիր չեն հետեւելու իրենց կուսակցական առաջնորդ Սերժ Սարգսյանի «պատգամին» առ այն, որ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ»։

Այստեղ չկա ոչ մի անսպասելի, ոչ էլ մանավանդ՝ զարմանալի բան։ Նրանք դա մտադիր չէին անելու նույնիսկ ս.թ. ապրիլի նույնիսկ ս.թ. ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին, երբ «մեծամասնությունը» խորհրդարանում պետք է նոր վարչապետի ընտրեր, ուզած-չուզած ընդառաջելով ժողովրդի կամքին։ Մայիսի 1-2-ին, երբ երկիրը բառացիորեն կանգ առավ, նրանք նոր հասկացան, որ դիմադրությունն անիմաստ է։ Եվ ընդհանրապես, այդ ե՞րբ են նրանք ունեցել «իշխանության կուսակցության» կարգավիճակ ժողովրդի կամքով…

Բայց այսօր նրանց հանկարծ սկսեց թվալ, որ այդքան էլ անիմաստ չէ դիմադրելը։ Ի՞նչը նրանց թեւ ու թիկունք տվեց։ Ամեն ինչ մակերեսի վրա է. նոր իշխանության օբյեկտիվ եւ սուբյեկտիվ համակարգային դժվարությունները, բարդությունները Մոսկվայի հետ հարաբերություններում՝ նոր արտաքին քաղաքականության կոնցեպտի բացակայության պայմաններում, Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումը, Լավրովի կացնային պահվածքը, «հների» բարոյալքված վիճակից դուրս գալու առաջին միտումները, արտահերթ ընտրությունների խնդիրը եւ այլն։ Հենց դա էլ բնականաբար դրդեց վարչապետ Փաշինյանին կոշտացնելու հռետորաբանությունը, խոսքը տանելու ոչ ստանդարտ լուծումների հարթություն, այն է. անցումային արդարադատության ներդրում, քանզի ներկայիս համակարգի նկատմամբ վստահությունը զրոյական է, եւ Սահմանադրության փոփոխություն, քանզի որեւէ երաշխիք չկա, որ ժամանակին պետական հեղաշրջմամբ իշխանության եկած խավը չի փորձի նույնը կրկնել, զինվելով Սերժ Սարգսյանի հագով «կարված» եւ ականապատ Սահմանադրության դրույթներով, անունը դնելով, թե «օրենք ենք պաշտպանում»։ Հեղափոխական Հայաստանում քաղաքական ճգնաժամը շարունակվում է, եւ այն ունի մեկ լուծում. արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որից հետո միայն կարող ենք խոսել հետհեղափոխական Հայաստանի մասին։ Պետության եւ հասարակության շահերից է բխում, որպեսզի դա տեղի ունենա առավելագույնս շուտ, եւ տպավորություն կա, որ այդ իմաստով ժամանակ ենք կորցրել։

Իհարկե, Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը կարիք ունի խորհրդարանական մեծամասնության հենարանի, ստրուկտուրիզացված քաղաքական հենարանի, ինչպես նաեւ՝ ուժեղ ինստիտուցիոնալ ընդդիմության, որը միայն կուժեղացնի իշխանությանը եւ նոր թափ կհաղորդի երկրում փոփոխություններին։ Սակայն, ակնհայտ է, որ ներկա պահին սրանք բաներ են, որոնք դեռ չկան։

Ակնհայտ է նաեւ, որ հաջողությունը բարեփոխումները, որոնց ֆորսաժի մասին հայտարարեց վարչապետ Փաշինյանը, մեծապես կախված է սրանից։ Բոլորը խոսում են ժողովրդավարությունից, ազատություններից, սակայն պետք է պարզ լինի, որ եթե դրա մասին խոսում են ռեւանշի մասին երազողները, նրանց հարողները, նրանց խոսնակները, ապա թող զարմանալի չլինի, որ նրանք ընկալվելու են ոչ թե որպես հեղափոխության «ընդդիմություն», այլ որպես հեղափոխության թշնամի։ Ավելորդ է խոսել, թե ինչ վերաբերմունքի եւ արձագանքի կարժանանան նրանք, ովքեր սպառնում են քաղաքացիական պատերազմով կամ թունավոր նառատիվներ կդնեն շրջանառության մեջ՝ արտաքին ուժերին փորձելով ներքաշել ներքաղաքական գործընթացներում։

Իհարկե, անկասկած, ամենածանր փորձությունները դեռ առջեւում են, եւ լուծելով մինիմում-ծրագրերը, անհրաժեշտ է արագացնել բարեփոխումների ռազմավարությունների մշակումը եւ իրագործումը։ Սա է, որ առաջիկայում, նախ, «նյութական բազայից» կզրկի կոռուպցիային, կառուցելով նոր համակարգ, որ նաեւ օժտված կլինի «տեֆլոնով» ընդդեմ կոռուպցիայի՝ բոլոր առումներով. օրենքից մինչեւ էթիկա, այսինքն՝ իր գրված եւ չգրված օրենքներով։ Բազմիցս է ասվել, որ նոր ներքաղաքական գործընթացների հաջողությունը պայմանավորված է նաեւ նոր որակի արտաքին քաղաքականության, անվտանգության քաղաքականության, պաշտպանական քաղաքականության, արտաքին տնտեսական քաղաքականության կոնցեպտների մշակմամբ եւ դրանց իրագործմամբ, դրա համար անհրաժեշտ կադրային բազայի պատրաստմամբ եւ մոբիլիզացիայով, ինչը նաեւ մեծ ռեսուրս է պահանջում՝ մարդկային, ժամանակային, քաղաքական, ֆինանսական եւ այլ։

Որքան էլ որ փորձեն Երեւանից հավաստիացնել, Մոսկվայի գլխի տակ փափուկ բարձ դնել, իսկ Մոսկվան էլ իր լռությամբ ձեւացնի, թե ամեն ինչ նորմալ է, տրամաբանական է, որ հայկական հեղափոխությունը Մոսկվան չի՛ մարսելու եւ ձգտելու է ցույց տալ իր սեփական՝ գնալով ավելի դժգոհող բնակչությանը, որ «ուզում ենք ինչպես Հայաստանում» ցանկությունը «հիմք չունի»։ Իզուր չէ, որ ՀՀԿ-ի վարկաբեկված ղեկավար կազմի ներկայացուցիչների հռետորաբանությունը լի է այնպիսի կլիշեներով, որոնք միտված են ալերգիա հրահրել Մոսկվայում Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ, եւ նրանց հաշվարկը նրանում է, որ դա վաղ թե ուշ «տեղ կհասնի»։

Հայաստանի համար հնարավոր են տնտեսական բնույթի դժվարություններ գյուղատնտեսական սեզոնի ավարտից սկսած՝ ձմռանն ընդառաջ։ Ո՞վ գիտի, թե ինչի՞ց հանկարծ «կբարկանա» եւ «կմտահոգվի» Մոսկվան ու, ասենք, կհայտարարի գազի թանկացման մասին։ Մոսկվայի ռեֆլեքսները հայտնի են եւ գալիս են հետխորհրդային ժամանակաշրջանի սկզբից։ Իսկ Հայաստանին անհրաժեշտ է հնարավորինս անցնցում անցնել այս մինչընտրական ժամանակահատվածը։ Ակնհայտ է, որ «հները» ձգտելու են հնարավորինս ցավոտ հարվածներ հասցնել հենց այս ուղղությամբ, սովորությանը համաձայն՝ մուրալով Մոսկվայի «տանիքը»։

Հասկանալի է, որ իշխանությանն էլ այլ բան չի մնալու, քան Մոսկվային ցույց տալ, որ ցանկացած փորձ աջակցելու ռեւանշին վնաս է հասցնելու առաջին հերթին Մոսկվայի տարածաշրջանային դիրքերին, եւ այո՛, որքան էլ որ դա կարող է Մոսկվայում ընկալվել որպես «հանդգնություն» կամ «ոչ պրոֆեսիոնալիզմ», բայց ռուսների առավել ռացիոնալ կեցվածքը կարող է լինել մեկը. ադապտացվել նոր իրողություններին եւ նորովի հարաբերություններ կառուցել Երեւանի հետ, շատ էլ թե դա Ռոբերտ Քոչարյանի համար «վիրավորական» է կամ նրա պատկերացումներից դուրս։ Հայաստանի ներսում արմատական աղբահանությունը՝ Ռուսաստանի մասին չէ, եթե Մոսկվան ինքը ինչ-ինչ ավելորդ դերեր իրեն չվերապահի, մանավանդ՝ «ավանդական» դերժիմոռդա-ժանդարմի։ Հանգստացե՛ք, պարոնայք, ի վերջո, խելամիտ չէ փորձել ապացուցելը, որ աղբը հավաքելը «սեպ է խրում դարավոր բարեկամության մեջ»։

 

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» 21.08.2018