Նորշեն-Ծղալթբիլա գյուղը նշեց իր տոնը
Երեկ Ախալցխայի Նորշեն֊ Ծղալթբիլա գյուղում եռակի տոն էր։ Հայրենի բնօրրանից, արմատախիլ եղած, հայրենիք կորցրած Կարին Էրզրումցու ժառանգորդներից շատ շատերի հետ 33 ընտանիք թուրքական հայաջինջ քաղաքականությունից հալածված՝ 1830 թվականին եկան հաստատվեցին Ծղալթբիլա գյուղում, իրենց սրտերում վառ պահելով բնօրրան Նորշենի անունն ու հիշատակը առ այսօր։ Երեկ, Աստվածածնա տոնի նախօրեին Նորշեն֊Ծղալթբիլացիները հանդիսավոր նշեցին գյուղի 188 և միջնակարգ դպրոցի 80 տարին՝ հեռացած համագյուղացիների վերադարձով։Տոնակատարությունը սկսվեց մեծ երթով, գյուղի արևմտյան հատվածից, որտեղից գաղթել են մեր նախնիները։ Մեծից փոքր երգելով, պարելով նախնիների հիշատակը հարգելով, երթով հարգանքի տուրք մատուցեցին գաղթի առաջնորդներ, հոգևորականներ՝ Տեր Սիմոն Դիլանյանին, Տեր Պողոս Պողոսյանին հարգանքի տուրք մատուցելով նրանց շիրիմներին։ Այնուհետև Աստվածածնա պարի նվագի ներքո, եռագույնի առաջնորդությամբ երթը շարունակվեց մինչև գյուղամեջ, հանդիսավոր տոնակատարությունների բացօթյա տարածք։
Այնտեղ ողջույնի խոսքով հանդես եկան Ծղալթբիլացի Երևանաբնակ Արմեն Ադամյանը, հորդորելով սերունդների մեջ վառ պահել նախնիների հիշատակը, ավանդույթներն ու սովորույթները։ Նաեւ ելույթով հանդես եկան Ծղալթբիլա գյուղից՝ Սերոբ Բաբաջանյանը Ծղալթբիլայի միջնակարգ դպրոցի տնօրեն՝ Սվետլանա Գրիգորյանը, հարևան Սուխլիս գյուղից վարդապետ՝ Հայր Գևորգ Սարգսյանը։
Տոնակատարությունը զարդարեց Հայաստանից ժամանած Գագիկ Գինոսյանի «Կարին» երգի պարի ավանդական խումբը՝ Կարնո պարերի հրաշալի կատարումներով։
Շնորհակալությամբ պետք է հիշատակել Ծղալթբիլայի «Նորշեն» երգի֊պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արմինե Այվազյանին՝ երկար տարիների իր տքնատանջ աշխատանքի համար, որի վառ արդյունքը երևաց խմբի փայլուն կատարումներից։ Իրենց պրոֆեսիոնալ կատարումներով հանդես եկան նաև Արմինե Այվազյանի երկու տղաները՝ Պողոս և Ալբերտ Աբելյանները։ Ելույթ ունեցավ նաև հարևան Ծինուբան գյուղից՝ երգիչ Գրիգոր Եսայանը։ Ծղալթբիլացի երգիչներ Արարատ Ադամյանը եւ ուրիշներ։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Գագիկ Գինոսյանը։
Օգոստոսի 12֊ին, հաջորդ օրը, ինչպես Ծղալթբիլան, այնպես էլ հայաբնակ հարակից գյուղերը մեծ շուքով նշում են Աստվածածնա տոնակատարությունը։Եկեղեցական արարողությունից հետո բարձրանում են յայլաները։ Տոնահանդեսը շարունակվում է յայլայում։ Պարում են, պարում մինչև ուշ գիշեր, մինչև առավոտ, երիտասարդ աղջիկ ու տղա, տարեց ու փոքր, պարում են Կարնո պարերը՝ երազ աշխարհին վերադարձած։
Լուիզա Մոսոյան
Akhaltskha.Net