Հայ-վրացական բարեկամության օր Դամալա գյուղում
Օգոստոսի 12-ին Ջավախքի Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ Դամալա գյուղում տեղի ունեցավ հայ-վրացական բարեկամության ամպրապնդմանն ու բարելավմանն ուղղված միջոցառումների շարք՝ ի կարևորություն երկու ժողովուրդների միասին անցած հազարամյա ուղու:
Միջոցառումներին ներկա էին Ասպինձայի շրջանի քաղաքապետ Ռոստամ Մագրաքվելիդզեն, տեղական իշխանության ներկայացուցիչները, Հոգաբարձուների Խորհրդի նախագահ Սոս Սահակյանի գլխավորությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի պատվիրակությունը, Ասպինձայի շրջանային ժողովի պատգամավոր Էմին Բալոյանը, հայկական և վրացական հոգևոր ներկայացուցիչները և բազմաթիվ հյուրեր Վրաստանի այլ շրջաններից, Հայաստանից և Ռուսաստանից:
Միջոցառումների շարքը սկսվեց ժամը 11-ին Դամալա գյուղի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի մատուցմամբ, որից հետո կատարվեց խաղողօրհնության կարգ և օրհնված ողկույզները բաժանվեցին ներկաներին:
Պատարագից հետո ներկաներն ուղևորվեցին Կողտաբերդ: Վրաց ուղղափառ եկեղեցու հոգևոր ներկայացուցիչը իրականացրեց ծիսակարգը, որը զուգորդվեց մոմավառությամբ և ժողովրդական երգերի ու շարականների կատարմամբ:
Գյուղացիների տեղեկությամբ Կողտաբերդի դղյակ-ամրոցը թվագրվում է 13-րդ դարով և դրա հարևանությամբ գտնվող եկեղեցին դամալեցիների համար հանդիսացել է ուխտատեղի:
Ծիսական արարողակարգից հետո ներկաներին ներկայացվեցին հայ-վրացական բարեկամության օրվա շրջանակներում նախատեսված համերգային համարները:
Կողտաբերդի բարձունքում դուդուկի ելևէջները հնչեցին դուդուկահար, երաժիշտ Վաչե Գաբրիելյանի կատարմամբ և որպես հայ-վրացական բարեկամությանն ուղղված հարգանքի դրսևորում իրենց ասմունքային ելույթներով հանդես եկան Դամալա գյուղի երեխաները:
Կողտաբերդի միջոցառմանը հաջորդեց 19-րդ դարի վերականգնված աղբյուր-հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը գյուղի հոգևոր հովվի օրհնությամբ: ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, բարերար Սոս Սահակյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ նշելով, որ այս միջոցառումը համախմբում է ժողովրդին և ամրացնում հայ-վրացական բարեկամությունը:
Աղբյուրը վերականգնվել է մոսկվայաբնակ գործարար, բարերար Մխիթար Բարսեղյանի միջոցներով:
Աղբյուր-հուշարձանի բացման արարողության ավարտին Դամալա գյուղի «Կարին» ազգագրական պարի համույթը ներկաներին համախմբեց հայկական, ավանդական պարերի ներքո՝ օրն ամփոփելով մշակութային շնչով և ոգով: