Ուկրաինային աջակցող համերաշխության ակցիաներ տարբեր երկրներում

Ուկրաինային աջակցող համերաշխության ակցիաներ տարբեր երկրներում



Ամբողջ աշխարհում հինգշաբթի երեկոյից մինչև ուրբաթ առավոտ անցկացվել են Ուկրաինային աջակցող համերաշխության ակցիաներ՝ նվիրված ռուսական ներխուժման առաջին տարելիցին: Աշխարհի տարբեր քաղաքներում,  ներառյալ Նյու Յորքում, Բրյուսելում, Փարիզում, Թբիլիսիում, շենքերն ու փողոցները ներկվել են կապույտ-դեղին գույներով:
Այդ գույներով է լուսավորվել Փարիզում Էյֆելյան աշտարակը, Լոնդոնում ներկվել է Ռուսաստանի դեսպանատան դիմացի ճանապարհահատվածը: Հինգշաբթի երեկոյան տեղի են ունեցել հիշատակի արարողություններ ու հանրահավաքներ:  
Ռուսական ներխուժման մեկ տարուն նվիրված ակցիաներ են անցկացվել նաև ուկրաինական շատ քաղաքներում:
Ռուս-ուկրաինական պատերազմի պարելիցին ընդառաջ ԵՄ երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել: Դրանում ասվում է. «Այս ագրեսիան հանցագործություն է խաղաղության դեմ, այն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, ՄԱԿ-ի սկզբունքները և մարդկության արժեքները: Ուկրաինացի ժողովուրդն այս մեկ տարվա ընթացքում ցույց տվեց աշխարհին, որ Ուկրաինայի ապագան պետք է որոշեն ուկրաինացիները»:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ԵՄ երկրները շարունակելու են աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը կլինի: «Ուկրաինան մեր եվրոպական ընտանիքի մաս է, մենք ընդունել ենք Ուկրաինային՝ նրան տրամադրելով թեկնածու երկրի կարգավիճակ»,- հայտարարել են ԵՄ երկրների ղեկավարները: 

Եվրոպական կառույցը  խոստացել է աջակցել Ուկրաինայի վերականգնմանը և այդ նպատակով «օգտագործել Ռուսաստանի  սառեցված ակտիվները՝ ԵՄ օրենսդրության և միջազգային իրավունքի համաձայն, միաժամանակ ուժեղացնել համատեղ ճնշումը Ռուսաստանի վրա՝ ագրեսիան դադարեցնելու համար»։