Ախալցխայի հայկական դպրոցի հայատառ ցուցանակը պատրաստ է, սակայն չկա իրավունք այն փակցնելու դպրոցի պատին
Ախալցխայի հայկական թիվ 3 հանրային դպրոցի հայատառ ցուցանակը պատրաստ է եւ այն գտնվում է տնօրենի սենյակում, սակայն իրավունք չի տրվել այն դպրոցի պատին փակցնելու։ Այս մասին Akhaltskha.Net-ին տեղեկացրեց դպրոցի ուսուցիչներից մեկը։
Ուսուցչի տեղեկությունների համաձայն` հայատառ ցուցանակը պատրաստելուն պես դպրոցի տնօրինությունը ռեսուրս-կենտրոնի միջոցով դիմել է Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության, որտեղից էլ նույն մարմինը ստացել է բացասական պատասխան։
Քաղաք Վալեի հայկական 3-րդ հանրային դպրոցի տնօրեն Հռիփսիմե Հարությունյանի խոսքերով՝ իրենք եւս ըստ օրենքի պատրաստվում են փոխել հին հայատառ ցուցանակը նորով, որի ընթացքում տեղեկացել են, որ ցուցանակի վրա կարելի է գրել միայն այնպես, ինչպես գրված է դպրոցի կնիքի վրա։ Հետեւաբար դա նշանակում է, որ տվյալ դպրոցի ցուցանակի վրա եւս չի լինելու հայերեն գրություն։
Մեր տեղեկությունների համաձայն՝ բավականին վերջերս հայկական ցուցանակը հանվել է նաեւ Մեծ Պամաճ գյուղի դպրոցի պատից։
Տվյալ խնդիրը կարելի է ասել, որ կրում է համատարած բնույթ։
Հատկանշական է այն փաստը, որ օրինակ Թբիլիսիի հայկական 104 դպրոցում թույլատրվել է պատին վրացերենի ու անգլերենի կողքին փակցնել նաեւ հայատառ ցուցանակ։