ՀՀ վարչապետի ուղերձն էր, որ արտագաղթը կանգնեցվի, և սկսվի հակառակ պրոցեսը Ջավախքում, վարչապետը լավ է գիտակցում Ջավախքի ռազմավարական նշանակությունը Է. Այվազյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան կարևոր էր,իսկ պատվիրակության այցը նախորդներից տարբերվում էր։ Այս մասին Tert.am-ին ասել է Սամցխե Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցին։
-Պարո՛ն Այվազյան, պաշտոնական այցով, ընդ որում՝ առաջին պաշտոնական այցով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կառավարության կազմի մեծ մասը գտնվում էին Վրաստանում։ Նախ ինչո՞վ էր տարբերվում այս այցը նախորդներից և բացի դրանից, ինչո՞վ էր կարևորվում այն ոչ միայն հայկական կողմի համար։
– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան նախ շատ կարևոր էր նրանով, որ հենց առաջին պաշտոնական այցով վարչապետի գլխավորած պատվիրակությունը ոչ թե մեկնեց Ռուսաստան կամ Արևմուտքի երկրներից մեկը, այլ հարևան Վրաստան։ Համոզված եմ, որ դա շատ լավ զգացին ու ընկալեցին Թբիլիսիում։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը շատ բարձր մակարդակի ընդունելության արժանացավ Վրաստանում, ինչը շատ հստակ երևում էր պատվիրակությունների հանդիպման ժամանակ։
Մայիսի 30-ից 31-ը տեղի ունեցած պաշտոնական այցը նախորդներից նախ տարբերվում էր ավելի անկեղծ մթնոլորտով։ Այս հանդիպումներին հետևած հայտարարությունները կարծես դուրս եկան ավանդական, ոչինչ չասող կենացաճառերի մակարդակի հարաբերություններից և թևակոխեցին նոր, փոխշահավետ համագործակցության վրա հիմնված փուլ։ Իհարկե, առաջին պաշտոնական այցով շատ դժվար է միանգամից տեսնել գործնական արդյունքներ, սակայն, կարծում եմ, հրաշալի հիմքեր են դրված երկու հարևան երկրների միջև բացառապես նոր որակի հարաբերությունների ձևավորման համար։
Հայկական պատվիրակության այցը Թբիլիսի վրացական կողմի համար կարևորվում է նաև նրանով, որ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» ընթացքում հաղթեց ժողովրդի կողմից հաղթանակ տարած թիմը, ինչը ժողովրդավարության ու ինքնիշխանության լավագույն ապացույցն է, և դա շատ կարևոր է պաշտոնական Թբիլիսիի համար հատկապես մեր տարածաշրջանում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Վրաստանը շրջափակված է իր շուրջ գտնվող ավտորիտար ռեժիմներով։ Նաև հեղափոխության հաղթանակը Հայաստանում ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն ուղերձները, որ հայ-վրացական հարաբերությունները պետք է զերծ պահվեն աշխարհաքաղաքական ազդեցություններից, լավագույն ուղերձն էր վրացական կողմին։ Եթե բացենք փակագծերը՝ դա նշանակում է, որ Հայաստանն ինքնիշխան երկիր է, և Հայաստան-Վրաստան հարաբերություններում ազդեցություն չի կարող ունենալ ռուսական գործոնը, ինչը Թբիլիսիի համար շատ մեծ կարևորություն ունի։
Ահա այն հիմնական փոփոխությունները, որոնք ուղղակի ազդեցություն ունեն հայ-վրացական հարաբերությունների վրա, և եթե սրան ավելացնենք այն, որ Վրաստանն ամեն կերպ հիմա ձգտում է թուլացնել ու բալանսավորել թուրք-ադրբեջանական ազդեցությունը Վրաստանում, ապա Հայաստանի հետ նոր ու անկեղծ հարաբերությունների ձևավորումը դրա լավագույն տարբերակն է։
Կարծում եմ՝ շուտով մենք կարձանագրենք բեկում հայ-վրացական հարաբերություններում և «եղբայրական» ու «բարեկամական» ոչ քաղաքական ձևակերպումներին կփոխարինեն «ռազմավարական հարաբերություններ» ձևակերպումները։
– Փաշինյանի այցը սկսվեց Թբիլիսիում ու ավարտվեց Ջավախքում, ընդ որում՝ վարչապետը կանգ առավ համայնքներում։ Ի՞նչ հարցերով էին դիմում վարչապետին տեղի հայերը։
– Նախ սկսեմ նրանից, որ Հայաստանի վարչապետի այցը Ջավախք շատ կարևոր էր։ Ժողովուրդը վաղուց դրա ծարավն ու կարիքն ուներ, և առավել ևս Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո ժողովուրդն ավելի մեծ ոգևորությամբ դիմավորեց ՀՀ վարչապետին ու նրա պատվիրակությանը։ Սամցխե-Ջավախք տարածաշրջանի գյուղերում ու քաղաքներում ժողովուրդը, ինչպես նշեցի, մեծ ոգևորությամբ էր դիմավորում վարչապետին, ու այդ պայմաններում և ժամանակի սղության պատճառով ժողովուրդը չկարողացավ հարցերով դիմել Նիկոլ Փաշինյանին։ Այս պարագայում, ես կարծում եմ, շատ կարևոր էին վարչապետի հայտարարությունները, որոնք նա արեց Ջավախքում։
Նիկոլ Փաշինյանի գլխավոր հայտարարությունը Ջավախքում այն էր, որ պետք է երկու ժողովուրդների հարաբերություններում չլինեն սպառնալիքներ ու դավադրություններ, որպեսզի հայ-վրացական հարաբերությունները նոր որակական զարգացում ապրեն, ու այդ ոգուն համահունչ լուծվեն Սամցխե-Ջավախքի ժողովրդին հուզող խնդիրները։ Կարծում եմ՝ դա հենց Նիկոլ Փաշինյանի «թավշյա հեղափոխության» նույն գործելաոճն է, որով նա ցանկանում է ամրացնել համերաշխության մթնոլորտը Ջավախքում ու այդ մեթոդը Ջավախքի խնդիրների լուծման անկյունաքար դարձնել։
Նրա հաջորդ ուղերձն այն էր, որ պետք է ամեն ջանք գործադրենք, որ արտագաղթը կանգնի, և սկսվի հակառակ պրոցեսը Ջավախքում, ինչը նշանակում է, որ վարչապետը լավ է գիտակցում Սամցխե-Ջավախքի ռազմավարական նշանակությունը Հայաստանի ու Վրաստանի համար, որտեղ արդեն մի քանի տարի ակտիվ աշխատանք է տանում թուրք-ադրբեջանական տանդեմը՝ նպատակ ունենալով փոխելու շրջանի դեմոգրաֆիկ պատկերը։
– Առհասարակ համայնքն ի՞նչ խնդիրներ ունի, որքանո՞վ են տարբերվում թբիլիսահայերի ու ջավախահայերի խնդիրները։ Եվ առհասարակ, ինչու՞ հայերը չունեն ձևակերպված պահանջներ ու հարցեր, որոնք վերաբերում են իրենց խնդիրներին։ Օրինակ՝ համայնքի թիվ մեկ խնդիրը ո՞րն է։
– Վրաստանի հայերն ունեն բազմաթիվ խնդիրներ։ Կան խնդիրներ, որոնք ընդհանուր են թբիլիսահայերի ու ջավախահայերի մոտ, և կան այնպիսի խնդիրներ, որ խիստ տարբեր են միմյանցից։ Օրինակի համար՝ հայկական «վիճելի» համարվող եկեղեցիների հարցը հուզում է բոլորին։ Կրթական համակարգում առկա խնդիրները եւս նույնն են, ուղղակի ի տարբերություն Թբիլիսիի՝ Սամցխե-Ջավախքում ու Ծալկայում միասին վերցրած կան բազմաթիվ հայկական դպրոցներ։
Խնդիրներ կան հայերենը տարածաշրջանային լեզու դարձնելու մասով, լեզուների վերաբերյալ եվրոպական խարտիայի համաձայն, որը, ի դեպ, Վրաստանը ստորագրել է, բայց չի վավերացրել։ Կան խնդիրներ Հայաստան-Վրաստան անցակետում, որտեղ արգելվում է գիրք-գրականության տեղափոխում Վրաստան։ Վերադառնալով կրթական համակարգում առկա խնդիրներին՝ ասեմ, որ դպրոցներում մեծ պակաս կա հայկական դասագրքերի։ Արդեն հաջորդ տարվանից ազգային փոքրամասնությունների լեզուներով ուսուցանվող դպրոցներում մայրենի լեզվի կրճատման խնդիր կա օտար լեզուների հաշվին։ Տվյալ ծրագիրը նոր է մշակվել կրթության ու գիտության նախարարությունում, և մենք փորձելու ենք աշխատել նախարարության հետ, որ այդ խնդիրը դրական լուծում ստանա, և հայոց լեզվի ուսուցումը չկրճատվի։ Մինչև օրս կյանքի չի կոչվել հայ-վրացական համատեղ համալսարանի գաղափարը Ջավախքում։
Գոյություն ունի տեղի բնակչությանը պետական մարմիններում աշխատանքի ներգրավման խնդիր։ Օրինակ՝ Սամցխե-Ջավախքի նահանգապետարանում, չնայած նրան, որ հայերը շրջանում մեծամասնություն են, չկա ոչ մի հայ ազգի ներկայացուցիչ, ու նման խնդիրներն ամենուր են։ Կան նաև բազմաթիվ սոցիալ-տնտեսական ու մշակութային խնդիրներ։ Ինձ համար, օրինակ, թիվ մեկ խնդիրն այն է, որ մենք մինչև հիմա Սամցխե-Ջավախքում չունենք քաղաքացիական հասարակություն, որն այսօր կա Երևանում կամ Թբիլիսիում։ Եվ դրա ձևավորման պարագայում, համոզված եմ, որ կարելի է հասնել բոլոր վերոնշյալ խնդիրների լուծմանը, առավել ևս՝ այն դրական ֆոնի վրա, որն այսօր ձևավորվում է երկու երկրների միջև։
-Ի՞նչ փոխվեց Փաշինյանի այցից հետո կամ ի՞նչ է փոխվելու։
-Կարծում եմ՝ Փաշինյանի այցով փոխվեց այն, որ Վրաստանի իշխանություններն ու ժողովուրդը մեկ անգամ ևս համոզվեցին, որ Հայաստանը բարեկամ երկիր է ու հիմա առավել լավ է տրամադրված Վրաստանի ու նրա ժողովրդի նկատմամբ։ Փոխվեց նաև այն մոտեցումը, որ եթե մինչև հիմա Ջավախքը կարող էր համարվել բաժանարար ու խանգարող գործոն հայ-վրացական հարաբերություններում, ապա այլևս այն կարող է դառնալ կամուրջ հայ-վրացական հարաբերություններն ավելի ամուր ու բարձր մակարդակի հասցնելու համար։